Արվոն ու Միան

Արվոն ու Միան

Արվոն ու Միան

👉Որոշեցի կիսվել կյանքիցս մի դրվագով, միգուցե ինչ որ մեկին դա դաս կլինի, իսկ շատերի համար ուղղակի հետաքրքիր պատմության մի մասնիկ։

Մոտ 9 տարի առաջ էր, այդ տարիներին ամռանը և աշնան մի մասը Հայաստանում չէի լինում` մեկնում էի Ղրիմ աշխատելու ու բախտս փնտրելու ... Ամեն ինչ կյանքումս պտտվում էր նյութականի շուրջ ու գումար աշխատելու անհագ ցանկությունը ինձ թույլ չէր տալիս այն ստանալ, քանի որ ինչ անում էի, անհաջողությամբ էր պսակվում ու ինձ թվում էր, որ աշխարհի ամենադժբախտ մարդն եմ 🙂 Դե շատ բան չէի հասկանում, որտեղ նստում բողոքում էի անհաջողություններից ու հետս պատահող` տարօրինակ ու անվերջ թվացող դժվարին փորձություններից։

Մեքենայով էի միշտ գնում ու 90 օրը մեկ պետք էր սահմանը հատել հետ գալ, դա էլ բավական երկար ճանապարհ էր` մոտ 700կմ։

Այդ օրը ամբողջությամբ փոխեց իմ կյանքի ընթացքը... հիշում եմ, հավաքեցի մոտ 100 երգից կազմված երգացանկ ու դուրս եկա սահմանը հատելու ... Ճանապարհը ձանձրալի էր ու անհետաքրքիր, քանի որ ինձ համար ամեն ինչն էր այդ պահին անհետաքրքիր, երբ գումար չես կարողանում վաստակել, կամ քիչ ես վաստակում, ոչինչ աչքիդ չի երևում, նույնիսկ շրջապատիդ համար ես դառնում ոչ սպասված ու անհետաքրքիր մարդ, եթե եղել եք նման վիճակում, հաստատ հասկացած կլինեք, նամանավանդ, որ դրանից առաջ բավական լավ եք վաստակել, բայց խելքի ու գործի բերումով բախտներդ չի բերել։ Բոլոր նախկին սուտ ընկերները կորում են, նունիսկ ''սիրածդ'' աղջիկն է քեզանից հրաժարվում` պատճառաբանելով որ ապագան չի տեսնում քեզ հետ, էն մարդիկ, որ քեզ համար պատրաստ էին ամեն ինչի` զանգերիդ չեն պատասխանում, աշխատանք ես խնդրում, ամեն ինչ խոստանում են, բայց միայն օդում, կողքիդ միայն մնում են ամենամոտ ու հարազատ մարդիկ, բայց դե նրանց դեմքին էլ չես կարողանում նայել, երբ առավոտյան արթնանում ես ու տեղ չունես գնալու ... Ընկերական հավաքույթների չես մասնակցում, քանի որ գումար չունես նույնիսկ սուրճի հաշիվը փակելու։ Ու երբ կյանքիդ գիտակից ընթացքում երբեք սովոր չես եղել ծնողներիցդ գումար խնդրել կամ պարտք վերցնել մեկից, սկսում ես տանջվել ու ամեն բացվող առավոտդ սպասում է, թե որտեղի՞ց կարող են զանգել և ասել, որ դուք ընդունված եք աշխատանքի։ Բայց օրդ անցնում է սպասումներով, իսկ մեջումդ կուտակված նեգատիվը աստիճանաբար կրծում է հոգիդ` չթողնելով զգալ նույնիսկ չնչին հոգեկան հանգստություն։ Մի խոսքով շատ չերկարացնեմ, այս վիճակը ինձ գցեց օտար ափեր, որտեղ ես մի քանի տարում ստացա կյանքի լավագույն դասերը։

Ճանապարհին կանգնեցի իմ սիրած վայրերից մեկում` թաթար ընկերոջս մոտ Սամսա(խաչապուրու նման բան է) ուտելու ու Այրան(թանի պես մի բան) խմելու:

Կանգնել էի կամուրջի եզրին, ու ուտելով նայում էի հորիզոնին. այն անգույն էր, ծառերը անգույն էին, ծովը գորշ ու ալեկոծ ... Նույնիսկ ձայնն էր ներվայնացնում, իսկ ժամանակին ծովը իմ տարերքն էր ...

Ուտելուց հետո նստեցի մեքենան ու շարունակեցի, ճանապարհին շատերն էին կանգնեցնում մեքենան ձեռքով, այնտեղ ընդունված էր, ճանապարհդ կարող էիր կիսել մեկի հետ ու դրա դիմաց վարձատրվել։ Ես չէի կանգնում երբեք` Հայաստանում տեղի ունեցած մի դեպքից հետո, սակայն դա մի այլ պատմություն է։ Հասնում էի արդեն Ֆիադոսիա` Այվազովսկու հայրենիքը, երբ մի զույգ կագնեցրեց մեքենան ու չգիտես ինչու կանգնեցի ...

Նրանք հարցրեցին թե ու՞ր եմ գնում, ես էլ պատասխանեցի, որ մինչև Կերչ, պետք է պտտվեմ հետ դառնամ։ Իրենք էլ էին գնում սահմանը անցնելու, էստոնացի էին` մեծ պայուսակներով ու ճանապարհորդական հագուստներով։

Խնդրեցին, որ տանեմ, բայց գումար չունեն, ես չէի էլ սպասում, մեծ հաճույքով համաձայնեցի, համ էլ ճանապարհը հետաքրիր կանցներ ...

Սկսեցի քշել, մի քիչ մեջս վախ կար, դե օտար երկիր, օտար մարդիկ, բայց դե էկոտուրիստները հիմնականում լավ մարդիկ են ու վտանգավոր բան դժվար էր սպասել, տանելուց էին մեքենաս էին տանելու, ուրիշ բան չկար էլ 🙂 Տղան սկսեց խոսակցությունը ռուսերեն(ես թարգմանած կգրեմ)

- Այս ի՞նչ блатной ( գողական ) համարներ են մեքենայիդ, որտեղի՞ց ես

- Հայաստան,- հպարտորեն պատասսխանեցի ես (29SS999)

- Բառե ախբեր ջան,- ասաց նա(հայերեն), կարմրելով

- Տո աստծու բարին,- պատասխանեցի ես ծիծաղելով

- Հայաստանը հրաշք երկիր է, Սևանը, Ջերմուկը, Արցախը ...

Հետո սկսեց թվել Հայաստանի բոլոր տեսարժան վայրերը, եկեղեցիները, սարերը, որոնց մասին ես միայն լսել եմ ու նույնիսկ ամաչեցի, որ չեմ եղել ու մինչև հիմա էլ ամաչում եմ, որովհետև էլի չեմ եղել։ Հպարտությունս բազմապատկվեց, երբ աղջիկը սկսեց հիացմունքով պատմել Հայաստանի մասին, հայերի հյուրասիրության ու լավ վերաբերմունքի մասին։

Աղջկա անունը Միա էր, իսկ տղայինը Արվո, որը ես հայաֆիկացրեցի և Արմո սարքեցի 🙂 Մի խոսքով մոտ մի ժամ խոսեցինք Հայաստանից, հայավարի լավ գլուխ գովեցի, գենոցիդից խոսեցի, պատերազմից, Ադրբեջանի սև ցուցակներից, որի մասին չգիտեին ու ասեցի, որ հանկարծ չասեք, եթե գնաք Ադրբեջան, որ Արցախում եք եղել բայ որ չգնաք, ավելի լավ։

Արդեն երեկո էր, մոտենում էինք սահմանին ու պարզվեց, որ ահավոր հերթ է մեքենաների ու մոտ 10-12 ժամ կարող է տևել` մինչ հերթը կհասնի, իսկ հակառակ կողմից (Ռուսաստանի) աստված գիտեր ինչ էր կատարվում ու քանի ժամ էլ այնտեղ կսպասեի։

Նրանք առաջարկեցին մեքենան կանգնեցնել հերթի և իրենց հետ ծովի ափին ընթրել, քանի որ շարժը տեղի էր ունենում 40-50ր մեկ, երբ պառոմը մեկնում էր, դե երևի գիտեք, որ նավով էինք անցնում սահմանը` մեքենան վրան։

Դե ես էլ ուտելու բաներ ունեի մեքենայում, հիմնականում միս, պանիր ու բանջարեղեն, միացրեցինք իրար։ Նրանք գրեթե բան չկերան, մի քանի կտոր պոմիդոր վարունգ ու մի բրդուճ լավաշ, պանիր, կանաչի, նաև կոնյակ ունեի, հյուրասիրեցի, վայելեցին ու որոշեցին, որ պետք է լողանան ծովում, ուզում էին ինձ էլ համոզել` ես կտրականապես հրաժարվեցի, դե ցնցուղ չկար, աղոտ մնալն էլ ամենատհաճ բաներից է ...

Հանվեցին, լողացան` մոտ մեկ ու կես ժամ, ես երկու անգամ հասցրեցի մեքենան տեղաշարժել ու հետ գալ, նրանք ափին մոտ էին և պարբերաբար շփվում էինք։ Ընթացքում նայում էի ծովին ու հիշում, որ ժամանակին երազում էի գոնե 15 րոպե նստել ծովի ափին ու լսել նրա խշշոցը, իսկ հիմա 3 ամիս է այստեղ եմ, մեկ անգամ նույնիսկ չեմ մտել ծով, ժամանակ չկար, առավոտից մինչև ուշ երեկո աշխատում էի։

Հետո նայեցի զույգին, երջանիկ էին, բայց ոչինչ չունեին, գրեթե ոչինչ, նույնիսկ հեռախոս, բայց իրոք երջանիկ էին։ Պոմիդոր վարունգի երկու կտորը ու կոնյակի մի բաժակը նրանց բավարար էր կյանքը վայելելու, նրանք վայելում էին միմյանց, նույնիսկ իմ ներկայությունը, իսկ ե՞ս, ես վազում էի մտքերով, վաղվա, մյուս օրվա, մյուս շաբաթվա պլաններով։ Ախր առօրյա հոգսերը ու լավ ապրելու մասին երազանքները մեզ տանում են նյութական աշխարհ, որտեղ կյանքիդ տարիները թռչում են` հետագայում լավ ապրելու ու վայելելու պայմանով։ Ախր լավ ապրել հենց հիմա էլ կարող ենք, ի՞նչ է նշանակում լավ ապրել. ունենալ լավ մեքենա՞, շքեղ տու՞ն, շատ գումա՞ր, մեծ շրջապա՞տ ... Այս մտքերով տարված չզգացի թե ինչպես արթնացավ հոգեկան Եսս, հանվեցի ու գցվեցի ծովը։ Ջուրը ունակ է մաքրել ոչ միայն մարմինն` այլև գորշ մտքերդ, նեգատիվդ։ Այն արթնացնում է հոգուդ այն քնած հատվածը, որը իրականում քեզ անհրաժեշտ է երջանիկ զգալու համար։ Հենց ջրի մեջ հասկացա, որ եթե հոգիդ երջանիկ չէ, ինչքան կուզես փող ունեցիր, եթե չգիտես կյանքը վայելել, ինչքան ուզում ես լավ

մեքենա ունեցիր, դա քեզ չի երջանկացնի, եթե չգիտես սիրել, երբեք էլ հանգիստ չես լինի։ Լողալով տարված մոռացա մեքենայի մասին։ Եղանակը բավական քամոտ էր, բայց տաք, դուրս եկա, հագնվեցի, նրանք հագնվել ու ինձ էին սպասում.

- Հը ո՞նց էր, գիշերով լողալուց հաճելի բան չկա,- ասաց Արվոն 🙂

- Հա իրոք, չէի փորձել Արմո ջան

- Լավ էլ լողում ես Վահագ,- ասաց Միան

- Դե պարապել եմ երկար ժամանակ, մի 2կմ կարող եմ առանց կանգնելու լողալ,- գլուխ գովեցի ես

- Մալադեց, բա չէի՞ր ուզում մտնել, տեսա՞ր ինչ լավ էր, փոխվեց չէ՞ շատ բան մոտդ, եկեք գնանք մեքենայի մոտ, - ասաց Արվոն

Մոտեցանք մեքենային ու տեսանք, որ մեզանից առաջվա մեքենաները մոտ 300մ առաջ են գնացել, բայց դա ինձ ընդհանրապես չհուզեց։ Նստեցինք մեքենայի մեջ, ես հարցրեցի թե ինչով են զբաղվում, պարզվեց ուսուցիչ են երկուսն էլ, աշխատում են ու ամռանը ճամփորդում։ Ամեն տարի 4-5 երկիր։ Հատուկ, գումար շատ քիչ են վերցնում։ Պատմեցին շատ հետաքրքիր պատմություններ, որոնք տեղի են ունեցել իրենց հետ ... Հասկացա, որ մարդիկ իրոք վայելում են ամեն վայրկյանը, ունեն հիշողություններ, պատմություններ, փորձություններ ... Իսկ ես կամ մե՞նք ...

Եթե նույնիսկ գնում ենք հանգստի մեր երկրում, պետք է խորովածն անպակաս լինի, ուտենք խմենք, լավագույն դեպքում մեր աղբը մաքրենք, հետ գանք ու ի՞նչ է մնում այնտեղից ... ոչինչ, խորովածի վառած կամ չոր լինելու, կամ շատ համով ու յուղոտ լինելու մասին վառ հիշողություններ ...

Եթե գնում ենք ուրիշ տեղ հանգստի, հետո զգացե՞լ եք, որ կան հյուրանոցի լավ լինելուց ենք խոսում կամ սննդից ... Երբեք չենք պատմում, տո իսկի չենք էլ հիշում ինչ տեսանք, ինչ վայելեցինք, քանի որ տարված ենք նկարվելու մոլուցքով ու փոխանակ վայելենք, մեզ համար ստեղծում ենք արհեստական լարվածություն, թե էս արձանի մոտ չնկարվեցինք կամ էսօր ծովի ափին քիչ զագառ արեցինք ...

Տարված պատմություններով չնկատեցինք թե ինչպես հասանք սահմանին, բարձրացանք նավը ու իջանք մեքենայից, լույսը արդեն բացվում էր, արևաձագը բաց ծովում, դա մի յուրահատուկ երևույթ է, որը պետք է տեսնել ...

Ծովը գունավոր էր, հորիզոնը ոսկեգույն, իսկ երկինքը երբեք այդքան կապույտ չէր եղել ... Չէի ուզում այդ պահը ավարտվեր, հոգուս մեջ հանգստություն էր ու մտքերս բոլորը իրենց տեղում էին, ոչինչ չէր ստիպում ինձ լարվել, կանգնել ու վայելում էի իմ սիրելի ծովը ... Մինչև այսօր այդպես հանգիստ ինձ երբեք չեմ զգացել, նույնիսկ դելֆիններ տեսանք ...

Գիշերը չէինք քնել, բայց այդպես առույգ ու ուժեղ երբեք ինձ չէի զգացել ...

Նավը հասավ Ռուսաստանի ափին, այդ կողմից գրեթե հերթ չկար, ես պետք է հետ պտտվեի։ Եկավ զույգին հրաժեշտ տալու պահը, փոխանակվեցինք հասցեներով, քանի որ հեռախոս էլ չունեին։ Նրանց ընդամենը ճանաչում էի 14 ժամից ոչ ավել, բայց այնքան հարազատ էին, որ նույնիսկ աչքերս լցվեցին։ Հետո մի պահ մտածեցի ու հարցրեցի.

- Բայց դուք կարող էիք ոտքով առանց հերթի անցնել, հերթը մեքենաների համար էր, ինչու՞ մնացիք ինձ հետ

- Հա, բայց այդ դեպքում, մենք հնարավորություն չէինք ունենա շփվել մի հիանալի մարդու հետ, ու նրան միայնակ կթողնեինք, լավ մնա Վահագ ջան, ու հիշիր, որ կյանքում ոչինչ պատահական չի լինում ...

Արվոյի խոսքերը մտան ուղեղիս մեջ, բայց չկարողացա այդ վայրկյանին մարսել, նստեցի մեքենան ու հայելու միջից նայեցի մինչև անհետացան տեսադաշտիցս, նոր քշեցի։ Անցա սահմանը ու շարժվեցի դեպի Սիմֆերոպոլ։ Ճանապարհին հիշում էի նրանց հետ անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը ու ընկալում, որ իրական, անկեղծ, անշահախնդիր մարդկային շփումն է պակասում մեր կյանքում, պակասում է իրական մարդկային սերը ու ունեցածդ գնահատելու կարողությունը ... Հասա իմ սիրած վայրին, գնեցի Սամսան ու Այրանը, կանգնեցի կամրջին ու մինչև վերջին պատառը վայելեցի, երբեք այդքան համով չէին եղել նրանք, դիմացս ծովն էր ու աշնանային անտառը, որը երբեք ինձ այդքան գունավոր ու մաքուր չէր երևացել ... Մտքերս հանգիստ էին, հոգիս խաղաղ ... 🙂

07 / 09 / 2020 10:35