Մեղքերի քաղաքը

Մեղքերի քաղաքը

Մեղքերի քաղաքը

     Ամեն ինչ սկսվեց, երբ վերադարձա աշխատանքից…

    Բավականին ուշ էր: Միացրեցի հեռուստացույցը, բոլոր ալիքներով լուրեր էին, ոչ մի հետաքրքիր բան: Քանի որ շատ հոգնած էի, պառկեցի քնելու: Ինչքան էլ տարօրինակ է` միանգամից քնեցի, վերջին մի քանի ամսում այդպիսի բան չէր եղել. երևի շատ հոգնած էի:

     Ո՞րտեղ եմ ես,  քայլում եմ մի անծանոթ քաղաքով, մարդիկ շատ քիչ են դրսում: Խոր գիշեր է՝ մութ ու ցուրտ, կողքիցս մի ծերունի է քայլում՝ շատ ճաշակով հագնված ու խնամված տեսքով, երևում է, որ մոտ յոթանասուն կլինի տարիքը, բայց շատ առողջ տեսք ունի: Կարծես իրար հետ ենք, բայց ես նրան չեմ ճանաչում, ո՞վ է նա, ի՞նչ է ուզում:

    Քայլելով հասնում ենք մի այգի: Նստարանին նստած  է մի տղա՝ փաթաթված մաշված կոստյումի մեջ, որը մի քանի անգամ մեծ է իրենից: Սառած հայացքով նայում է գետնին: Նստարանի մի անկյունում դատարկ թուղթ է դրված ու գրիչ: Այնքան գունատ է տղայի դեմքը, որ գիշերային դեղին լապտերների ներքո նույնիսկ զգացվում է: Նրա կողքին նստած է մի ծեր շուն, որը թախծոտ ու սոված հայացքով նայում է տղային:

    Մոտենում ենք նրանց: Զարմանալի է, բայց նա նույնիսկ չի նկատում մեր ներկայությունը:

«Տեսնսես ի՞նչ է եղել»,- մտածում եմ ես:

    Զարմացած ու հարցական հայացքով նայում եմ ծերունուն, իսկ նա նույնիսկ չի նայում ինձ քայլում է հաստատուն քայլերով, կարծես գիտի կոնկրետ ուր է գնում և ինչի համար: Հետաքրքիր է, ոտքերս կարծես անկախ լինեն ինձանից, չեմ կարողանում կառավարել, անվերջ հետևում են ծերունուն: Մեկ էլ` ծերունին, շրջվելով իմ կողմ, ասում է. 

 -Լա՛վ հիշիր այս տղային:

-Ի՞նչ, - զարմացած ասում եմ ես.

-Ոչինչ, լսեցիր ինչ ասեցի, էլ ի՞նչ «ինչ»,- պատասխանում է կասկածելի ծերունին:

   Անցնում ենք տղայի կողքով: Մի քիչ վերև՝ ծառերի տակ, մի տղամարդ է պառկած խոնավ ու սառը գետնի վրա: Առանց ամաչելու հայհոյում է մեր պետության և ղեկավար այրերի հասցեին: Ծերունին շրջվում է իմ կողմ ու ասում.

  • Նայի՛ր, սա այն տղամարդն է, որը մի ժամանակ ուներ ամեն ինչ, որի տունը քանդվեց երկրաշարժի ժամանակ, և ողջ ընտանիքը զոհվեց, իսկ նա, չդիմանալով այդ ցավերին, նայիր, թե ինչ է դարձել՝  թշվառ հարբեցող: Իսկ ու՞մ է դա հետաքրքրում կամ հուզում:

Ոչ մեկին, քանզի նրա բոլոր հարազատները զոհվել էին: Ինչևէ, քայլի՛ր առաջ, դեռ շատ բաներ եմ քեզ այսօր ցույց տալու:   

  Մի քիչ զարմացած եմ. ի՞նչ պետք է ցույց տա այս ծերունին ինձ, և ինչու՞:

  Լուռ շրջանցում  ենք նրան ևս, կանգնած են փողոցի անկյունում մի քանի անբարոյական կանայք՝  ճարպակալած ու թառամած:  Ծերունին ականջիս շշնջում է.

  • Նայի՛ր ուշադիր, սրանք այն կանայք են, որոնք իրենց և հարազատ մարդկանց գոյությունը պահպանելու համար ընտրել են փող վաստակելու այս՝ թվացյալ հեշտ տարբերակը: Նրանք արդեն սովոր չեն ծանր գործեր անելու, չնայած  ոչ մեկ արդեն գործի չի էլ ընդունի, ամբողջ քաղաքն է ճանաչում, ո՞վ գործի կընդունի մարմնավաճառին: Երբ աղջիկները մտան այս կեղտոտ ճահճի մեջ, շատ երիտասարդ էին, թվում էր՝ ամեն ինչ շատ լավ է լինելու: Բավականին մեծ գումարներ աշխատեցին, մտածում էին, թե այդպես էլ կշարունակվի, սակայն հիմա տարիքներն առել են ու համաձայն են ամենաչնչին գումարով վաճառել իրենց:

Գիտեմ, հիմա մտածում ես, թե ինչ զզվելի են ու ինչ անպատվաբեր գործով են փող աշխատում, բայց երբևէ  մտածե՞լ ես, թե ինչն է ստիպել, որ վաճառեն իրենց մարմինները, իհարկե` ոչ:

Օրինակ այ այն մեկը  ունի 3 երեխա, իսկ ամուսինը գնացել է արտագնա աշխատանքի ու լքել նրանց, ամուսնացել ուրիշ կնոջ հետ, նա էլ ստիպված ընտրել է մարմինը վաճառելով գումար վաստակելու ձևը, որպեսզի մի կերպ պահի իր երեխաներին, իսկ այն մյուսի մայրը անբուժելի հիվանդություն ունի, ու որպեսզի չմահանա, ամեն ամիս անհրաժեշտ է մոտ երկու հազար դոլլար` դեղ գնելու  համար, հիմա հասկանու՞մ ես:

Հարցնում եմ ծերունուն.

- Իսկ ե՞ս, ես ի՞նչ կապ ունեմ այս ամենի հետ, ի՞նչ ես ուզում ինձանից` չեմ կարողանում հասկանալ:

   Իսկ նա քմծիծաղով պատասանում է .

-Բոլորդ դա եք ասում` «ես ի՞նչ կապ ունեմ, ես ի՞նչ կարող եմ անել…», լռի՛ր ու քայլի՛ր կողքովս, հետո կհասկանաս: 

  Քայլում ենք, մի քիչ ավելի հեռու՝ ինչ-որ սուպերմարկետի դիմաց, մի քանի երիտասարդ ծեծում են մի տարեց մարդու: Տեսարանից ահավոր ազդված վազում եմ այդ կողմ, ուզում եմ օգնել, իսկ ծերունին ձեռքի թեթև շարժումով պահում  է ինձ ու ասում.

-Կանգնի՛ր, արդեն մոռացե՞լ ես, դու ի՞նչ կապ ունես այս ամենի հետ:

 Կարծես ոտքերս մեխվում են տեղում, իսկ նա շարունակում է.

-Նայի՛ր նրանց, գիտե՞ս ովքեր ենք սրանք: Իհարկե ոչ, որտեղի՞ց իմանաս: Սրանք այն պատգամավոր ու “գործարար” օլիգարխների զավակներն են, որոնք ամեն տարի ձեր երկրի բյուջեից, որը նախտեսված է ձեր ազգի համար, կլորիկ գումարներ են գողանում, որպեսզի կառուցեն  այսպիսի հսկայական խանութներ, ռեստորաններ, խաղատներ... Իսկ նա, որին ծեծում են, այն մարդն է, որը գիշեր-ցերեկ աշխատում է, բայց աշխատավարձն այնքան քիչ է, որ նույնիսկ չի հերիքում կոմունալ վարձերի համար, այն մարդը, որի երեխան հիվանդ է հիմա ու սոված, իսկ նա ստիպված գողացել է մի կտոր հաց ու բռնվել:

  Ես ասում եմ.

-Ախր ինչու՞ ես ասում «ձեր ազգի», դու ինչ է, հայ չե՞ս, ինչու՞ ես այդպես խոսում, կարծես դատավոր լինես, իսկ ես` մեղադրյալի աթոռին նստած մեկը: Չեմ հասկանում, ո՞վ ես դու, ի՞նչ ես ուզում ինձանից: Մենք պետք է օգնենք.  նրանք կսպանեն այս մարդուն:

 Իսկ ծերունին ասում է.

-Է՜, քայլի՛ր առաջ,  դու չես կարող փոխել ոչինչ:

  Զգում եմ ինչ-որ տարօրինակ զգացում, ուզում եմ բոլորին օգնել, բայց ֆիզիկապես  ի վիճակի չեմ, մարմինս չի ենթարկվում, ասես ծերունին կառավարում է ինձ:

Սկսում ենք ավելի արագ քայլել ու մի տհաճ պատկեր՝ վախվորած 2 աղջիկ՝ համեստ հագնված, շտապելով քայլում են մայթով. երևի գործից տուն են վերադառնում: Մեկ էլ մի արտասահմանյան մեքենա  է կտրուկ արգելակում նրանց կողքին, ապակին իջնում է, իսկ  միջից մի լակոտի ձայն է լսվում.

-Ազիզ, չե՞ք ուզում թագավորի հետ քեֆ անեք.

Մեկ էլ մի ուրիշ ձայն.

- Բայց լավ էլ բալեք են, ապե, քե՛լ վեկալենք,

  ՈՒ մի անմարդկային հռհռոց է լսվում:

 Ծերունին ուսիս է խփում ու ասում.

-Ղեկին նստածը այն 16 տարեկան լակոտն է,  որի հայրը կաշառակեր ոստիկան է, որը հանցագործություններ կոծկելով դարձել է միլիոնատեր, իսկ նրա լակոտը փոխանակ այս ժամին իր յոթերորդ երազը տեսնի ու մտածի իր ապագայի մասին, թափառում է քաղաքում ու նայիր, թե ինչով է զբաղվում, իսկ կողքին նստածը նրա ընկերն է, որի հայրը քաղաքի հիվանդանոցներից մեկի գլխավոր բժիշկն է: Խե՜ ղճ մարդ. նա գիշերները շատ վատ է քնում, գիտես ի՞նչու: Ա սեմ, ո՛չ, ո՛չ, մի՛ մտածիր, թե մտահոգվում է հիվանդների մասին, նա նույնիսկ մոռացել է իր տված երդումը: Այդ տականքը մտածում է, թե էլ ինչ ճանապարհ կարելի է գտնել` թալանելու խեղճ ու աղքատ հիվանդներին: Իսկ այս երիտասարդ աղջիկները մոտակա ռեստորանում աշխատող մատուցողուհիներ են, որոնք աշխատում են, որպեսզի համալսարանի վարձը վճարեն, քանզի ծնողները ի վիճակի չեն, հազիվ իրենց գոյությունն են կարողանում պահպանել:

 Աղջիկներից մեկը վախեցած տոնով ասում է.

-           Գնա գործիդ, լակո՛տ, թե չէ` վատ կլինի:

-           Հեսա կտենանք ում համար վատ կլինի, ազիզ.

Պատասխանում է ողորմելի արարածը, հայհոյում է աղջիկներին ու կատաղած քշում մեքենան: Իսկ դիմացի մայթին կանգնած են մի քանի երիտասարդ տղաներ ու ծիծաղում են կատարվածի վրա՝ բղավելով.

-Քու՛ր ջան, կարո՞ղա մեր հետ գաք, մի տե նստենք, չեք փոշմանի:

Բավականին հեռանում ենք նրանցից, արդեն չեմ լսում , թե ինչ են պատասխանում աղջիկները, հարցնում եմ ծերունուն.

-Ծերու՛կ, չեմ հասկանում ոչինչ, ինչու՞ չեմ կարողանում օգնել ոչ մեկին, ի՞նչ է կատարվում ինձ հետ:

  Ծերունին պատասխանում է.

-Կհասկանաս հետո:

Հասնում ենք մի ուրիշ այգի, իսկ այնտեղ կանգած են մի քանի տղամարդ՝ կանացի հագուստներով:

- Այ քեզ զզվելի բան, - քթի  տակ ասում եմ ես, իսկ կողքի մայթին ոստիկանությունն է անտարբեր անցնում, ծերունին ասում է.

-Այո՛, իրոք զզվելի ու անընդունելի է, սրանք ձեր ազգի խայտառակություններն են, որոնք, ոգևորված Եվրոխորհրդի նոր օրենքներից, իրենց ազատություն են տվել ու հիմա այստեղ վաճառում են իրենց մարմինները իրենց նման ոչնչություններին: Իսկ այն ոստիկաններին հատուկ հրամայված է ձեր ազգի ղեկավար մի քանի արվամոլերի կողմից, որ սրանց ձեռք չտան, արդեն հասկանալի է` ինչու:

Շրջանցում ենք նրանց նույնպես, ահավոր տհաճություն ու հիասթափություն եմ զգում: Անցնում ենք մի ռեստորանի կողքով, ապակիներից ներս երևում են հարբած տղամարդիք, ինչ-որ կերուխում է ներսում:

Ծերունին.

- Տեսնու՞մ ես, սրանք այն խանութի մոտի տղաների, կամ այն մեքենայով լակոտների հայրերն են, կամ էլ տարբեր-տարբեր տեղերից հավաքված օլիգարխներ,  որոնք ամեն գիշեր կերուխում են անում ու զվարճանում, իսկ ի՞նչ փողերով՝ թալանված ու գռփված, կաշառքից ու շանտաժներից գոյացած:

 

Մի քիչ ավելի հեռու խաղատուն է: Խաղատան կողքին մի տղամարդ է պպզած` գլուխը ձեռքերի մեջ, մոտ 30-35 տարեկան:

Ծերունին.

-Այ սա այն օլիգարխներից մեկի խաղատունն է, որտեղ գալիս են կուրացած խաղամոլները՝ հարստանալու նպատակով, բայց այդ տականքները սա սարքել են հենց անմիտ ու անուղեղ խաղամոլների համար. վերջապես, սա մի հիանալի միջոց է` օրինականորեն թալանելու հիմարներին, իսկ այստեղից ելքը միայն մի տեղ է: Իսկ գիտես, թե սա ո՞վ է, սա էլ այն մարմնավաճառների պես աշխատել չի ուզում, խաղամոլ է:  Երբ նա նոր սկսեց խաղատներում ծախսել մահացած հորից ժառանգած տան վաճառքից գոյացած փողերը, նրան թվում էր, թե հաջողությունը ժպտաց: Բայց մեկ տարի հետո, այսինքն` հիմա,  նա արդեն ունի հարյուր հազար դոլլար պարտք ու, միանշանակ, չի կարող դա վերադարձնել, ի՞նչ է սպասվում նրան, դու գուշակի՛ր:

Ծերունին դեռ խոսքը չավարտած՝ մի մեքենա է կանգնում տղամարդու կողքին, նա փորձում է դիմադրել, սակայնն նրան մեքենայի մեջ են մտցնում մի քանի հաղթանդամ, ճաղատ գլուխներով տղամարդ ու տանում:

Լուռ եմ, ոչինչ չեմ խոսում, մտածմունքների մեջ եմ: Հոգուս խորքում փոթորիկ է, բայց չեմ կարողանում արտահայտվել: Ինչ-որ կամրջի ենք մոտենում, հանկարծ մեջս ուժ եմ գտնում ու գոռում.

- Ո ՞վ ես դու, ի՞նչ ես անում այստեղ, ու ես ի՞նչ եմ անում: Ո՛չ, սա մեր քաղաքը չէ. մեր քաղաքը լավն է ու գեղեցիկ, մեր Երևանը, մեր սիրելի Երևանը, ուր մարդիք բարի են, մեծահոգի, հոգատար, հարգալից, բարոյական: Որտե՞ղ եմ ես, այս ի՞նչ դժողք է…

Ծերունին քմծիծաղով ասում է.

- Մի՞թե դու չես ճանաչում քո քաղաքը: Առօրյան այքան է կուրացրել քեզ, որ թվում է, թե բոլորը  լա՞վ են ապրում ու ամեն ինչ մնացել է վաղ անցյալու՞մ:  Ո՛չ, եթե քեզ մոտ ամեն ինչ լավ է, դա չի նշանակում, որ մյուներն էլ քո օգնության կարիքը չունեն: Կուրացել եք, տղա՛ս: Առօրա հոգսերը, հաճույքները, վայելքները, ինտերնետը ու էլի շատ բաներ կուրացրել են ձեզ, այ օրինակ ի՞նչ կտայիր հիմա, որ փրկեիր այս փոքրիկին:

- Ու՞մ, ի՞նչ փոքրիկ…

Դեռ չէի ավարտել հարցս, երբ մեր կողքին մի ոստիկանական մեքենա կանգնեց: Երկու ոստիկան մեքենայից հանեցին այն` այգու տղային: Նա ուշաթափ վիճակում էր, միգուցե և մահացած էր: Չհասցրեցի ընկալել, թե ինչ է կատարվում, երբ նրանք նետեցին տղային կամրջից ցած:

Գոռացի.

- Կանգնե՛ք, ի՞նչ եք անում,  անասուննե՛ր:

Բայց ակնթարթորեն հասկացա, որ ոչ ոք մեզ չի տեսնում ու լսում: տեսնում եմ` մեքենայի ետևից տղայի շունը հարձակվում է նրանցից մեկի վրա, իսկ այդ սրիկան կրակում է շան վրա, գցում մեքենայի թափքի մեջ, հետո արագ ճողոպրում` նայելով` արդյո՞ք ոչ մեկ չնկատեց: Ավաղ, բացի մեզանից այնտեղ մարդ չկար:

Ժամանակն ասես կանգ է առնում: Նայում եմ ներքև. տղան ընկած է քարի վրա` արյունոտ, անշունչ, բռնում եմ ծերունու շորից և գոռում.

-  Ինչու՞, ինչու՞ չօգնեցիր նրան, աստված իմ,  դու ինչու՞ ես թույլ տալիս, որ այսպիսի բաներ կատարվեն քո ստեղծած երկրի վրա:

Ծերունին անտարբեր ու հիասթափված հայացքով նայում է աչքերիս մեջ ու ասում.

  • Ասում ես աստվա՞ծ: Իսկ ի՞նչ պետք է անի աստված, երբ դուք թողնում եք, որ այսպիսի տականքները բազմանան  ձեր քաղաքում ու երկրում: Բոլորդ վախկոտ շների պես մտել եք ձեր բներն ու մտածում եք միայն ձեր մասին: Հիմա հարցիս պատասխանիր, դուք չե՞ք ընտրել այս նույն ղեկավարությանը ու կառավարությանը, որ ժողովրդի համար գործ անելու փոխարեն ռեստորաններում են զվարճանում, թույլ տալիս ու մի բան էլ աջակցում այս անօրինություններին: Սա չէ՞ր նրանց կողմից նշանակված ոստիկանը, որը սպանում է մի խեղճ  12 տարեկան երեխայի… Դուք եք այս ամենը հիմնադրել, դուք եք այս ամենի ստեղծման պատճառը, ամբողջ աշխարհում ոստիկան է հանդիսանում մարդու պաշտպանը, օրենքի պաշտպանը, ոստիկանին տեսնելուց պետք է զգաս քեզ պաշպանված ու ապահովված, ոչ թե վախենաս ու մտածես հեռու մնալու մասին, որ գլխիդ մի բան չսարքի: Սա է ձեր ոստիկանությունը, սա է ձեր ղակավարությունը, և սա եք դուք: Պատերազմում եք ուրիշ ազգի դեմ, թշնամի ման գալիս, «գենոցիդ» եք ասում, իսկ իսկական թշնամին ձեր ազգի մեջ է ու ներսից է ձեզ «գենոցիդ անում»: Ես շատ հիասթափված եմ ու նույնիսկ չգիտեմ ինչպես վարվել ձեր ազգի հետ. ինչպես փոքր երեխան չի կարող առանց մոր, այնպես էլ դուք առանց աստծո չեք կարող գոյատևել: Ու հիմա ես լքում եմ ձեզ, քանի որ ունեմ անարժան զավակներ այս քաղաքում, այս երկրում: Իսկ ում վրա հույս էի դնում, հանձինս քեզ և քո նմանների, միայն եսասերների նման մտածում են իրենց մասին, ասում, թե իբր ինչ կարող են անել, ով է իրենց լսելու: Այո՛, եթե բոլորդ այդպես մտածեք, ճիշտ այսպես էլ կշարունակվի մինչև իմ զայրույթը հասնի գագաթնակետին ու ոչնչացնեմ այս ազգը երկրի երեսից: Շատ մոտ է այդ օրը, հիշի՛ր: Այսպիսինների պատճառով կգնան նաև լավ մարդիք, քանզի իմ համբերության սահմանը արդեն հատած է, և սրանք լոկ մի քանի ժամեր են այս փոքրիկ գիշերվա մեջ:  Հիմա հասկացա՞ր, թե  ով եմ ես և ինչ էի քեզ ցույց տալիս, ո՛վ կուրացած մարդ արարած:

Չգիտեմ նույնիսկ ինչ խոսել, շփոթված եմ ահավոր, վախեցած:  Ի՞նչ ասեմ…

Մի քանի վայրկյան մտածելուց հետո շշնջում եմ.

  • Այո՛, հասկացա, ների՛ր մեզ, Տե՛ր իմ, բայց իրոք, ես ի՞նչ կարող եմ անել, ի՞նչ կարող եմ փոխել, օգնի՛ր գոնե հասկանալ, թե ինչ կարելի է անել, միայն ինձանով ի՞նչ կփոխվի, ես չգիտեի որ այսպիսի բաներ են կատարվում հենց մեր քթի տակ...

 Զգում եմ  ուսիս ինչ-որ մեկի ձեռքը, վախենում եմ մի պահ, բայց ի վերջո շրջվում եմ և, ի զարմանս ինձ, տղան… Ա՜յ քեզ բան, ուրախացած ուզում եմ գրկել նրան, ձեռքով պահում է, որ առաջ չգամ ու ասում.

  • Չկարողացար օգնել մեզ, գոնե օգնի՛ր մյուսներին, ովքեր դեռ կենդանի են, ես վստահ եմ, դու կարող ես, իզուր չէ, որ նա քեզ էր ընտրել.

 Ապա ձեռքիս մեջ մի արյունոտ թուղթ է դնում ու ծերունու ձեռքը բռնած` անհետանում ինչ-որ լույսի մեջ: Անբացատարելի մի բան եմ զգում ու վայրկյանական նստում անկողնուս մեջ, խորը շունչ եմ քաշում` ասելով.

-  Ա՜յ քեզ տարօրինակ երազ:

Մի քիչ մտածելուց հետո նորից քնում եմ:

Առավոտը սկսում է ինչպես միշտ` գործ, առօրյա հոգսեր: Վերջացնում եմ աշխատանքս ու վերադառնում տուն, արդեն մոռացել եմ նույնիսկ, թե ինչ երազ էի տեսել:

Լուսանշանի մոտ մի պապիկ է մոտենում, նա շատ ծանոթ դեմք ունի, բայց չեմ կարողանում հիշել, թե որտեղ եմ նրան տեսել: Թարմ նորություններով թերթ է առաջարկում գնել, վերցնում եմ թերթը, որի առաջի էջին մի հոդված է` «Դժոխային գիշեր» վերնագրով:

Կարդում եմ հոդվածը.

 «Առավոտյան Հայաստանի Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացել ենք, որ հաղթանակ կամրջի տակ հայտնաբերվել է 12 տարեկան տղայի դիակ, ներքին գործերի մարմինների հավաստմամբ երեխան գտնվել է թմրանյութերի ազդեցության տակ և ինքնասպան է եղել:  Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ նրա արյան մեջ հայտաբերվել է թմրանյութի մեծ քանակություն,  նրա ինքնությունը պարզվել է: Դաժան լուրը նրա մորը հայտնելուց հետո խեղճ կնոջ սիրտը չի դիմացել, սրտի ինֆարկտից նա նույնպես մահացել է: Քանի որ ուրիշ հարազատներ չեն գտնվել, պետությունը թաղման ծախսերը վերցրել է իր վրա:

Նույն գիշերը ահազանգ է ստացվել Ֆ. Փողոցի 26 շենքի բնակիչներից, որ նկուղում հայտնաբերվել է կախված տղամարդ, ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր, նրա ինքնությունը պարզելուց հետո հայտնի է դարձել, որ նա խաղամոլ է և մեծ պարտքերի պատճառով ինքասպան է եղել:

Կ. սուպերմարկետի մոտակա շենքի բնակիչներից ահազանգ է ստացվել, որ խանութի ետնամասում հայտնաբերվել է դանակահարված տղամարդու դի: Նախաքննությունը ցույց է տվել,  որ  տղամարդը ենթարկվել է ավազակային հարձակման, որին թալանելուց հետո դաժանորեն ծեծի են ենթարկել ու սպանել:

Եվս երկու երիտասարդ աղջիկներ են ներկայացել բաժանմունք, բռնաբարության մեղադրանք ներկայացրել: Կասկածանքով  ոստիկանության բաժանմունք են բերվել երկու անչափահաս տղաների, սակայն գործը հետաքննելուց հետո նրանք ստորագրությամբ բաց են թողնվել, քանի որ վկաներ չկային, իսկ ապացույցները բավարար չէին եղել:

Գիշերը`ժամը  երեքի սահմաններում, հիվանդանոց է բերել ծեծի ենթարկած մի ոստիկան: Վկաների խոսքերով նրան ծեծի են ենթարկել այգու մոտ հավաքված արվամոլները, քանի որ փորձել է նրանց հեռացնել տարածքից, սակայն մեր լրագողի հարցին նա պատասխանել է, որ այդպիսի բան չի եղել. նա ուղղակի ընկել է աստիճաններից:

Իսկ Ս. Ռեստորանում, որտեղ հավաստի տվյլաներով երեկ հավաքված են եղել մի քանի պատգամավորներ, տեղի ունեցած կրակոցների պատճառով սպանվել է մեկ անմեղ անցորդ և ռեստորանի մենեջերը: Գործի առիթով հարուցվել է քրեական հետաքննություն, մասնակիցների մասին ոստիկանությունը ոչ մի տեղեկություն չի հայտնում:

Գիշերը Գայիի աշխատակիցները հայտնել են, որ վրաերթի են ենթարկվել 3 կին, վարորդը փախուստի է դիմել, կանայք տեղում մահացել են: Ոստիկանության խոսքերով նրանք եղել են մարմնավաճառներ, հարուցվել է քրեական գործ, վկաներ չկան:

Այգու մեջ հայտնաբերվել է տղամարդու դի, երևի այս ողջ պատահարների միջի ամենաանմեղ դեպքը սա է, ոստիկանները նշում են, որ նա անտուն հարբեցող է եղել ու բազմիցս են տեսել տարածքում, քնել է և այլևս չի արթնացել…»:

Ամեն ինչ կանգ է առել շուրջս, այս ի՞նչ է կատարվում, նույնիսկ չնկատեցի, որ թերթով տարված` արդեն 10 րոպե կանգնել  եմ լուսանշանի տակ, և Գայիի աշխատակիցը խնդրում է անցնել խաչմերուկը և կանգնել: Կանգնում եմ, ինչպես միշտ վճարում 5000 դրամ (կաշառք)` խախտման համար և ապշած վերադառնում տուն:

Զգում եմ ահավոր գլխացավ ու սրտխառնոց: Շորերով պառկում եմ անկողնուս վրա ու ի՞նչ տեսնեմ` անկյունում մի արյունոտ թուղթ, վերցնում եմ և բացում: Թղթի մի կողմում գրված է.

«Հա՛յր իմ, արդյոք որտե՞ղ ես հիմա, իմ հիշողության մեջ միայն մեկ դրվագ կա, որտեղ դու կաս: Դա այն օրն էր, երբ օրորոցիս մոտենալով ասացիր. «Ների՛ր, զավա՛կս, հետո կհասկանաս, ձեզ համար եմ գնում, որպեսզի ապրեք խաղաղ ու երջանիկ, միգուցե չվերադառնամ, բայց հոգով միշտ ձեզ հետ եմ: Մայրս է հետագայում պատմում, որ հայրս զոհվել էր պատերազմի դաշտում: Հա՛յր իմ, հուսով եմ կկարդաս այս նամակը ու կգտնես ելք մեզ փրկելու, մայրիկը այսքան տարի շատ դժվարությամբ է ինձ մեծացրել, ինչերի՜ միջով ենք անցել, անգամ ծանր է հիշելը: Հիմա չգիտեմ ինչ անել, անելանելի վիճակում ենք, մայրիկը աշխատում է որպես աման լվացող` ռեստորանում, շատ քիչ է վաստակում,  իսկ ռեստորանի տերը քո հետ պատերազմի դաշտում կռված քո ընկերներից մեկն է: Համենայդեպս նա այդպես է ասել մայրիկին, անունը չեմ հիշում: Գիշերն էլ մայրիկը կարկանդակներ է թխում, իսկ ես վաճառում եմ դպրոցից հետո: Այսօր տուն եմ մտնում ու, ի զարմանս ինձ, մայրիկը տանն է: Նա հիմնականում շատ ուշ է տուն գալիս,  լսում եմ` կողքի սենյակում մայրիկը լաց է լինում և հարևանուհուն պատմում, որ պատահաբար ռեստորանում ջարդել է մի սպասք, որի գինը մեկ միլիոն դրամ է, նրան հեռացրել են ու ասել, որ մինչև առավոտ փողը եթե չբերի, կսպանեն նրան էլ, ինձ էլ: Դա լսելով` դուրս վազեցի տանից` հուսալով կարողանալ օգնել ինչ-որ բանով: Բայց ի՞նչ անեմ, գողությու՞ն:  Նամակը կթողնեմ եկեղեցում. հիշում եմ` երբ փոքր էի, մայրիկը ասում էր, որ եթե եկեղեցում թողնում ես նամակ, այն անպայման հասնում է հասցեատիրոջը: Դրանից հետո կգնամ մոտակա լոմբարդը և կգողանամ այդ փողը, միայն թե մայրիկին չվնասեն… Օգնի՛ր ինձ, հա՛յր իմ…»:

Շրջում եմ նամակը, մյուս կողմում գրված է.

«Հիշու՞մ ես խոսքերս`«… լա՜վ հիշիր այս տղային…», նամակը գրելուց հետո նա փորձում է իրագործել իր մտածածը, բայց, ցավոք, նրան բռնում են ոստիկանության աշխատակիցները, հենց լոմբարդում դաժանորեն ծեծում:  Տղան ուշագնաց է լինում, հետո ներքին արյունահոսությունից մահանում, շարունակությունը դու արդեն գիտես…»:

Արդեն ի վիճակի չեմ ոչինչ մտածելու, ինչու՞  նորից չեմ արթնանում, մի՞թե սա իրականություն է, մի՞թե իրոք ես այդքան կուրացած եմ եղել ու չեմ նկատել ոչինչ, իրոք ինձ ոչինչ չի հետաքրքրել, բացի այն ամենից, ինչ կապված է իմ ու իմ շրջապատի հետ, որ մեր շուրջ բոլորը իրոք դժողք է տիրում… ՈՒ այս ամենը միայն մի գիշեր, կամ գիշերվա մի ակնթարթ... ՈՒ ինչքա՜ն շատ են իմ նմանները… Սակայն…

 “Բայց եթե մտացենք, լավ, ես ինչ կա՞րող եմ անել, կարո՞ղ եմ արդյոք ինչ-որ բան փոխել, ինչպե՞ս, ինչի՞ց սկսել…”

 

 

07 / 09 / 2020 10:28