Նարե

Նարե

Նարեն՝ մի սիրո պատմություն Վահագ Ռաշ՝ 28.06.2019թ

Նարեն. Մաս 1

Արթնացա ամպրոպի ձայնից, շուրջս այնքան մութ էր, որ մի պահ կորցրեցի իրականության զգացողությունս ու չէի ընկալում, թե որտեղ եմ և ինչ դիրքով եմ պառկած: Հետո, ի մի բերելով մտքերս, հիշեցի, որ տանը չեմ գիշերել, սակայն որտե՞ղ. փորձեցի գտնել հեռախոսս, բայց ապարդյուն, ձեռքով խարխափելով հոսանքի անջատիչն էի ման գալիս: Գլխումս շիլաշփոթ էր. հանձնվեցի: Բայց հենց գլուխս դրեցի բարձին, միտքս փայլատակեց. Նարեենց տանն եմ, իսկ ու՞ր է Նարեն. շատ թույլ էի զգում, ամբողջ մարմինս ջարդվում էր: Աստիճանաբար կոպերս ծանրացան, ու նորից քնեցի:

Վեր թռա դռան շրխկոցից: Քամին, ամպրոպը, անձրևը. նրանք ինձ հիշեցնում էին Նարեին … Մտքիս մեջ անընդհատ զնգում էր նրա անունը՝ Նարե՛…Իսկ ո՞վ էր նա, ո՞վ. կին, ում հմայքն ու գեղեցկությունը կստիպեին յուրաքանչյուր տղամարդու ծնկել գլխահակ:

Գլխումս դրվագներ էին պտտվում, աստիճանաբար սկսեցի հիշել: Ուրբաթօրյա ծանր աշխատանքից հետո որոշեցի ուղղակի միայնակ մնալ: Շատ էի հոգնել ու քշեցի մեքենան դեպի մոտակա գիշերային ակումբը։ Շատ վաղուց չէի եղել նման միջավայրում: Դեռ նոր էի ներս մտել, երբ նկատեցի նրան. նրա մարմինը, հայացքը, շարժումների պլաստիկան. նա դիմակով էր պարում: Մի քանի վայրկյան քարացել էի, և հայացքս սևեռել էի նրա վրա, իսկ նա հայացքը բաց չէր թողնում ինձանից: Նստեցի ամենամոտ սեղանին և սկսեցի հիանալ նրա պարով։ Մոտեցավ մատուցողը. մեկ շիշ վիսկի խնդրեցի և մանրել 50 դոլար ՝ մեկ- դոլարանոց թղթադրամներով։

Խմիչքից տաքացած, պարով հիացած՝ որոշեցի թղթադրամ տալ: Կանչեցի. նա թեթև ժպտաց, բայց չմոտեցավ: Հետո նկատեցի, որ ոչ ոքի չի մոտենում: Վերջացրեց պարը, մի հայացք գցեց վրաս. ասես ասում էր, որ սպասեմ, չգնամ, ու անհետացավ բեմի հետևում։ Միգուցե ի՞նձ թվաց … Անհամբեր սպասում էի նրա հաջորդ համարին: Անցնում էին րոպեները, որոնք ժամեր էին թվում, բայց նա չկար: Ասես կախարդված լինեի։ Վիսկիի շիշը դատարկեցի. անցել էր մոտ մեկ ժամ, բայց նա չկար ու չկար։ Կանչեցի մատուցողին, մի կերպ բացատրեցի՝ ում եմ սպասում, հարցրի, թե երբ է նա պարելու: Ասաց, որ Նարեն գործն ավարտել է և դուրս եկել: Նարե՜ն ... ինչ ծանոթ ու հարազատ էր այդ անունը ...

Նարեն. Մաս 2

Այդ անունը ինձ տեղափոխեց մանկությանս անհոգ ժամանակները: Մանկություն-պատանեկություն..

Դպրոցը նոր էի ավարտել ու ընդունվել համալսարան։ Սեպտեմբերին պետք է դասի գնայի։ Ամեն երեկո ամենամոտ ընկերոջս հետ մեր փոքրիկ քաղաքի փողոցներն էինք չափչփում։

Օգոստոսի կեսերն էր. ջահելները երեկոյան դուրս էին թափվել. տանը գրեթե մարդ չէր մնում այդ օրերին։ Երևանից ու այլ վայրերից շատերն էին գալիս՝ վայելելու մեր քաղաքի ամառվա վերջին զով օրերը ։ Քայլում ու խոսում էինք «լուրջ-լուրջ» թեմաներից:

Երբեք չի մոռացվի այդ ակնթարթը. ընկերս պատմում էր, թե ինչպես է երեկ թռցրել հոր մեքենան ու սլացել սիրած աղջկա բակը։ Հանկարծ կարծես շունչս կտրվեց, ու ժամանակը կանգ առավ: Կողքովս անցնում էր տեսիլքի պես չքնաղ մի էակ: Մեր հայացքները հանդիպեցին. 15 վայրկյանում պատկերացրի մեր հարսանիքը, երեխաներ, տուն, մեր համատեղ կյանքը, մինչև անգամ թոռներ ունեցանք ու ծերացանք, սկսեցինք աշխարհում շրջագայել ու վայելել մեր կյանքի վերջին տարիները:

- Աբ, Վա-հաագ ...,- վզակոթիս հարվածից ուշքի եկա…

- Հը՞, աբ ջան, բան կսեի՞ր:

- Քնել ե՞ս ծո, բան կպատմեմ, չես արձագանքե

- Տեսա՞ր

- Ու՞մ, ի՞նչը

- Էն աղջկան,-պտտվեցինք, ցույց տվեցի.

- Նարե՞ն է, Վահա՛գ, ու ի՞նչ ...

- Ճանչե՞ս գը

- Հա, Արթիկ գուկա ամեն ամառ, Էրևնցի է, տատի տուն գուկա ինչխ օր, սաղ հայաթը խփնվել են վրեն

- Դու է՞լ

- Չէէէ, ա՛յ տղա, ես Հասմիկին կսիրեմ արդեն 5 տարի, չիդե՞ս ...

- Աբ ծանոթացու հեդը, գուզեմ ամուսնանամ

- Հա՛, հա՛, հա, գժվա՞ր ծո՛, խելքդ կորցրի՞ր

- Չէ՛, լուրջ կսեմ, Արտա՛կ, ծանո՞թ ես հետը

- Ախպե՛ր, մեզնից 2 տարի փոքր է, ու ընկեր ունի Երևանից, ինչ-որ հարուստ մարդու տղա է, մեկ-մեկ մեքենայով գուկա, զրույց կենեն ժամերով, մեծ է տարիքով էդ տղեն, մոռացի, ա՛բ, մենագ մեր շենքի Աննայի հետ ընկերություն կենե, տե՛ս. իրար հեդ էլ քայլեն գը, անհնար, չեղնո՛ղ բան է, յան տուր, Աննան էլ գոռոզի մեկն է։

Ամեն ինչ փշրվեց այնպես, ինչպես կառուցվել էր ... Բաժանվեցինք, երեխաներն ու թոռները չգիտես ուր կորան, ու պատանեկան հիասթափություն ապրեցի: «Էլ երբեք չեմ ամուսնանա»,- մտքիս մեջ ասացի ու չցանկանալով էլ զբոսնել՝ քայլեցի դեպի տուն։ Ամբողջ ճանապարհին նրա աչքերն էին գալիս դիմացս ու թեթև ժպիտը, երբ նայեց աչքերիս մեջ ու վայրկենապես փախցրեց հայացքը:Երբեք չեմ մոռանա այդ հայացքն ու աչքերը։

Մտա մեր տան մոտի այգին ու իմ սիրած նստարանի կողքի հսկայական բարդու վրա փորագրեցի. «Նարե՛, ես քեզ սիրում եմ»։ Հետաքրիր զգացողություն էր, հիշում եմ՝ հա՛մ սիրում էի , հա՛մ ատում. ընկեր ունի, ասես ինձ դավաճանել էր: Է՜հ, պատանեկություն՝ ազնիվ զգացմունքների ժամանակաշրջան …

- Ձեր հաշիվը

- Հը՞

- Հաշիվը, մենք փակվում ենք

- Հիմա...

Փակեցի հաշիվը և քայլեցի դեպի ելքը: Բայց դռանը չհասած՝ մեկը կանչեց.

- Վահա՛գ ...

Նարեն. Մաս 3

Բավական գինովցած էի ու մի պահ չհասկացա՝ ձայնը  ո՛ր կողմից էր գալիս, կանգնեցի.

- Վա-հա՜ա՜ա՜ գ ..

Նորից լսեցի անունս, այս անգամ ավելի հստակ։ Կանչողը թավ ձայնով տղամարդ էր ։ Պտտվեցի, մի քանի սեղան այն կողմ մի խումբ տղամարդիկ էին նստած, իսկ կանչողը ձեռքով էր անում, որ մոտենամ։ Մոտեցա, դեմքը շատ ծանոթ էր, աչքերը շատ հարազատ, բայց չէի կարողանում մթության մեջ հասկանալ, թե ով է:

- Ապեր Արտակն եմ,ես քո ցավը տանիմ,- ու պինդ փաթաթվեց ինձ,- ինչքա՜ն էի կարոտել քեզ, եղբա՛յր, ո՞նց ես, վերջին անգամ 15 տարի առաջ ենք տեսնվել՝ հարսանիքիս օրը:

Արտա՛կ... Մանկության իմ ամենամոտ ընկերը, նույն այն օրվա Արտակը, երբ տեսա Նարեին։ Գրեթե օրորոցից իրար հետ էինք մեծացել, գիտեինք միմյանց բոլոր գաղտնիքները։ Այնքան էր փոխվել, գիրացել, ճաղատացել, կնճռոտվել, ասես 60 անց լիներ: Ամաչեցի, որ չեմ ճանաչել, սկսեցի արդարանալ.

- Ճանաչեցի, իհարկե, ա՛բ ջան, ուղղակի մի քիչ շատ էի խմել, մի պահ խառնվեցի իրար, չէի սպասում, որ այստեղ կհանդիպեմ քեզ։

Գրկախառնվեցինք, փորձում էի հիշել, թե երբ և ինչպես մեր ուղիները բաժանվեցին, բայց ալկոհոլը չէր թողնում պահը սթափ ընկալել: Բավական ուշ էր, և տանը սպասում էին, իսկ նա առաջարկեց նստել իրենց հետ, փորձեցի առարկել, թե չեմ կարող, պետք է գնամ, սակայն համոզեց, նա դա միշտ լավ էր կարողանում։ Նստեցի. ներքուստ ինչ-որ վանող բան էի զգում, անցյալի ինչ-որ դրվագ կար, որը չէր թողնում մտերմություն զգալ նրա նկատմամբ ... հարցրի.

- Ո՞նց ես, Հասմիկը ո՞նց է, քանի երեխա ունես, ոչ մի բան չգիտեմ քո մասին

- Տենցա էլի աբ ընկերությունը, ամեն ինչ թողիր հարսնիքի օրը ու գնացիր։ Մարդ չիմացավ՝ ու՞ր, ո՞նց, ազաբն էիր, քհիշե՞ս, ախր բդի մեր համար երգեիր, չեմ մոռացե, է՞,. դե լավ. անցած էղնի...։

Երկու տղա, մեկ աղջիկ ունիմ, մեծ տղես արդեն 14 կեղնի: Հասմիկն էլ լավ է, իրան ի՞նչ է էղե։ Բելգիայում ենք, ընդեղ են սաղ, ես էլ ստեղ բիզնեսներ ունիմ, կերթամ-կուգամ: էս կլուբը իմս է, 60% փայատեր եմ, ընկերներիս հետ ենք բացել։ Տղե՛ք ջան, ծանոթացեք, Վահագն է` մանկությանս ընկերը։ Դու քեզնից սա.

Ծանոթացա՝ «Վլադ, Սարգիս»:

- Արտա՛կ, բարբառդ չես փոխե …

- Չէ՛, անկեղծ հազար տարի չէի խոսե, քու հետ սկսի ինքնաբերաբար

- Դե՛ ես մի քանի տարի առաջ եմ ամուսնացել, տղաս 3 տարեկան է, երգում եմ, աշխատում եմ նաև առաջին մասնագիտությամբ, սեփական փոքր բիզնես ունեմ, փառք աստծո, ամեն ինչ լավ է։

- Դե լավա, աբ ջան, ի՞նչ կխմես…

- Չէ՛, շատ եմ խմել, չեմ ուզում

- Չէէէ՛ բդի խմե՛ս հեդս

- Դե լավ, վիսկի, չխառնեմ ...

Արտակը բղավեց.                                                                                                                                                     

- Արա՛, մի հատ վիսկի բեր, շո՛ւտ արա ,- հրամայեց նա մատուցողին:

Մտքիցս դուրս չէին գալիս նրա բառերը, երբ ասաց հարսանքի մասին. ակնթարթորեն հիշեցի այդ չարաբաստիկ հարսանիքը: Բայց մինչև հարսանիքը դեռ շատ բան կար հիշելու, իսկ այսօր հիշողությունների օր էր:

Նաև հիշեցի, թե ինչո՛ւ մենք դադարեցինք ընկերություն անել ... Նարեն ....

Դուռը նորից շրխկաց քամու ձայնից: Էլի պառկած էի մթության մեջ, փորձեցի ի մի բերել մտքերս ու վերջապես հասկանալ, թե ինչ էր տեղի ունեցել երեկ, ինչու էի ես ինձ այսքան թույլ զգում ու ինչու եմ ես այս տանը: Կրճատ դրվագներ էի հիշում՝ կրակոց, լացի ձայն, ոստիկանության ու շտապ օգնության մեքենաներ….

Նորից տեղափոխվեցի մտքերով ռեստորան, իսկ ռեստորանից Արտակի հետ՝ դեպի պատանեկություն:

Օգոստոսի մնացած օրերը անցկացրի մեր բակի մոտակա այգում՝ իմ նստարանին՝ փորագրած ծառի տակ: Չէի ուզում ոչ ոքի հետ շփվել. սիրահարվել էի ու վերջ։ Վերցնում էի մայրիկի գրադարակից ինչ-որ գիրք ու իջնում մեր քաղաքի միակ այգին, նստում նստարանին ու ժամերով կարդում, երբեմն մինչև երեկո` մոռանալով նույնիսկ ուտելու մասին։

Օգոստոսի 27-ն էր.լավ եմ հիշում այդ օրը, երբեք չեմ մոռանա։ Սովորականի պես գիրքը ձեռքիս՝ կարդում էի: Ի դեպ, երբեք չէի նկատում կողքիս անցուդարձը, երեխաների ժխորը կամ կողմանկի այլ ձայներ. ես էի ու իմ գիրքը։ Տարված կարդում էի, երբ զգացի թեթև շրշյուն ու վարդի նուրբ բույր (այդ օրվանից վարդի բույրից խելագարվում եմ)։ Փորձեցի հասկանալ՝ որտեղից է գալիս. գլուխս բարձրացրի ու ամբողջ մարմինս տակնուվրա եղավ. սիրտս գնաց ոտքերիս մեջ, գլուխս սկսեց պտտվել .. Դիմացովս քայլում էր Նարեն՝ Աննայի հետ, իմ Նարե՜ն, իմ սերը … Նստեցին նստարանին: Նրանց ձեռքում մի-մի վարդի կոկոն կար, որ հավանաբար քաղել էին այգու մուտքի մոտ գտնվող մեծ վարդի թփից: Ապուշացած ժպիտով նայում էի նրանց, նրանք ինձ չէին էլ նկատում, տարված ինչ-որ բան էին քննարկում, իսկ իմ հայացքը սառել էր նրա վրա։

Տեսադաշտս փակվեց. ինչ-որ մեկը կանգնեց դիմացս.

- Վահա՞գ, էս ինչ կենես ստեղ ... 10 օր է քեզի ման գուկամ, զանգեմ գը, տունը չես, սպորտի չես գա, չես զանգե, ինչ-որ բա՞ն է էղե, ընչի՞, սպասե , ապուշի պես կժպտաս…

Նա պտտվեց իմ հայացքի ուղղությամբ, նայեց Նարեենց կողմը.

- Ահա թե ինչ ...սերը գլխիդ է տվե, ա՛յ տղա, լուրջ մարդ էս, ըսինք՝ թարգե, ընգեր ունի…

- Տեսադաշտս մի՛ փակե, նստի՛ կողքս:

Նա տեղավորվեց կողքիս ու սկսեց.

- Վահա՛գ, ախպերս, մոռացե՞լ ես, որ որոշել ենք մասնակցել բառբի հանրապետական առաջնությանը, ընչի՞ չես գա պարապունքի: Քանիմ օրից կեթանք Երևան, վիճակդ տեսե՞լ ես, ինչխ որ մեր դասարանի Կարենը էղնիս` փրչոտ գիրք կրծող ... շորերիդ վիճակը տեսե՞լ էս ...

նա խոսում էր, իսկ ես նայում էի ու ականջի պոչով լսում: Երբ խոսքը գնաց տեսքիս մասին, ակնթարթորեն սթափվեցի. նայելով վրաս՝ հասկացա, որ այս տեսքով Նարեն ինձ չի հավանի՝ հողաթափերով, շորտիկով ... Միտք ծագեց գլխումս. դե այգին մեր տանը շատ մոտ էր.

- Ա՛բ, նստի ստեղ, տիա գուկամ...

Արտակը զարմացած նայում էր, թե ինչպես եմ վազում, աղջիկների վրա նայելով՝ բղավեց.

- Դե՛մդ նայե, ծո՛ ...

Ես վազում էի, որ շորերս փոխեի, սանրվեի, կարգի բերեի ինձ ու արագ գայի այգի. հստակ որոշել էի, որ պետք է ծանոթանամ Նարեի հետ։ Ճամփաս նրանց կողքով էր անցնում, ձև տվեցի, թե իբր պարապում եմ, մի քանի սպորտային շարժումներ արեցի նրանցից քիչ հեռու, հասկացա, որ հողաթափերս ինձ մատնում են, վազքի արագ տեմպ զարգացրի: Հիշում եմ այն ժամանակվա գետնի սալերը` մաշվածությունից դուրս ցցված երկաթներով.ա՛յ դրանցից մեկին էլ հենց դիպավ ոտքիս թաթը  վազելուս ընթացքում, ու փռվեցի ուղիղ աղջիկների դիմաց: Ձեռքերս ու ոտքերս ամբողջությամբ քերվել էին ու հողոտվել, ծնկներիցս արյուն էր հոսում։

Բարձրացա, անմարդկային ցավ ու մրմռոց էի զգում հա՛մ մարմնիս վրա, հա՛մ հոգումս.խայտառակ էի եղել ... Ի՜նչ ամոթ էր ... շորերս թափ տվեցի, իբրև բան չէր եղել, կարմրած նայեցի աղջիկների կողմը, միգուցե չէին նկատել: Աննան ծիծաղում էր, Նարեն կանգնել էր. մտահոգ հայացքով հարցրեց.

- Ամեն ինչ կարգի՞ն է, շա՞տ է ցավում

- Չէ՛, բան չեղավ:

- Բայց արյուն է գալիս Ձեր ձեռքերից ու ոտքերից, սպասե՛ք.

- Չէ՛, բան չկա .. հիմա կգամ

- Ո՞ւր ...

Նայեցի Արտակի կողմը. նա գլուխն առած ափերի մեջ նստել էր։ Շարունակեցի ավելի արագ վազել, ասես ոչինչ չէր եղել, ճանապարհի կեսին ցավից քիչ էր մնում ուշաթափվեի. ծնկներս, արմունկներս ու ձեռքիս թաթերը ամբողջությամբ վնասվել էին։ Բայց ես երջանիկ էի. նա խոսեց ինձ հետ, այ հիմա շորերս կփոխեմ ու կգնաաամ .... Նա ինձ սպասում է .... Մթնեց ամեն ինչ վայրկենական, էլ բան չեմ հիշում ... Աչքերս բացեցի ու տեսա, որ պառկած եմ մեր տան բազմոցին` բինտերով փաթաթված։ Ձայն տվեցի, մայրս խոհանոցից շտապեց մոտս.

- Արթնացա՞ր, բալե՛ս, էտ ո՞նց վախեցրիր մեզ

- Ի՞նչ էր եղել, մա՛մ

- Արտակը ու Սամվելը բերեցին, ասեցին ընկել ես, հետո ուշագնաց եղել, ուշքի բերեցինք, արթնացար, ասեցիր՝ շորերս բերե՛ք, հետո էլի անջատվեցիր, բերեցինք տուն Արտակի հետ, վերքերդ մշակեցի, հաց էի սարքում, արթնացար ...

- Հա՜, ընկել էի, ...վա՜յ Նարեն ...

- Ի՞նչ Նարե, ա՛յ տղա

- Հե՛չ, շորերս ո՞ւրա

Բարձրացա ու զգացի, որ չեմ կարողանում գետնին դնել աջ ոտքս. թաթս ահավոր ցավում էր և ուռել էր: Բժիշկ կանչեցին, զննեց, ասեց կոտրվածք չկա, սալջարդ է, պետք է 10-15 օր անշարժ պահել: էհ, ախր Նարեն, իմ Նարեն … Ականջներիս մեջ նրա քնքուշ ձայնն էր անընդմեջ.

- Ամեն ինչ կարգի՞ն է, շա՞տ է ցավում ...

Օրերով տարբեր պատասխաններ էի հորինում այդ հարցին, ու պատկերացնում հետագա սցենարի զարգացումը ... բայց, ցավոք, ուշացել էի: 4 օր շարունակ ընկերներս այցելում էին, բայց Արտակը չէր գալիս։ Հետո բոլորը գնացին Երևան. սկսվել էին դասերը, նոր էինք ընդունվել համալսարան, իսկ ես տանը պառկած էի՝ վեր տնկած ոտքով: 10-րդ օրը արդեն ոտքս գետնին էի դնում։ Որոշեցի գնալ այգի։ Տանեցիներից գաղտնի դուրս եկա, մի կերպ հասա իմ նստարանին, նստեցի, տեսա փորագրածս. այն արդեն գույնը փոխել էր: «Նարե, ես քեզ սիրում եմ»-ի կողքին ավելացրի՝ «իմ Նարե»: Ամեն ինչ լուռ էր. մարդիկ չկային.բոլորը աշխատանքի էին, չկային էլ ամառային եռուզեռը, զույգերը, երեխաները: Օդի մեջ զգացվում էր աշնան սառը շունչը: Աչքիս առաջ նա էր՝ նստած դիմացի նստարանին: Հանկարծ նստարանի կողքին նկատեցի մի չորացած վարդի կոկոն: «Սպասել-սպասել է ինձ, վարդը գցել և հեռացել»,- ենթադրեցի ես: Վերցրի այն ու պինդ սեղմեցի շուրթերիս. փուշը ծակեց … բայց ես նրանից զգացի Նարեի բույրը: Տեսնես կտեսնեմ էլի նրան ...

Արտակի ձայնը ինձ սթափեցրեց.

- Վահա՛գ, դու ինձ երգ ես պարտք, կերգե՞ս, հիշու՞մ ես՝ երեկոները ինչքան էինք հավաքվում Հասմիկենց երևանյան տանը, երգում էիր կիթառով, մենք էլ մեր դախ ձայնով ձայնակցում էինք, երգի էլի, ցավդ տանեմ, կարոտել եմ այդ օրերին:

- Կիթառ ունե՞ք

- Չես հավատա, բայց քո կիթառը, որ հարսանիքի օրը բերել էիր, սենյակումս է. լույսի պես պահել եմ, հիմա ասեմ, թող բերեն ...

Վերցրի կիթառը, առաջին իսկ ակորդը խփելուց հետո տեղափոխվեցի ուսանողական տարիներ...

Նարեն. Մաս 4

Աշնան քամու նման եկար ...

Եվ հուր դառար, սիրտս մտար ...

Չգիտեմ հնարավո՞ր է տարիներով մարդուն չտեսնել, բայց սիրել, իմ սերն այդպիսին էր: Արդեն 2 տարի էր անցել, ես սիրում էի ու ոչինչ չէի անում, քանի որ գիտեի, որ ընկեր ունի, դե սիրտը պատկանում է ուրիշին, ուրիշ ոչ մի տեղեկություն չունեի նրա մասին։ Նամակներ էի գրում ինձ համար, երգեր էի հորինում, ու ամեն գիշեր քնելուց առաջ սցենարներ էի հորինում, թե ինչպես եմ Marvel-ի հերոսների պես փրկում նրան չար ուժերից կամ վատ մարդկանցից: Ուզածս մեծ բան չէր՝գոնե նորից տեսնել նրան, ուղղակի տեսնել: Ներսումս հույսը չէր մարում, որ մի օր փողոցում կհնադիպենք, շատ անգամներ սիլուետով նմանեցնում էի ինչ-որ մեկի, սիրտս տեղից թռչում էր, բայց միշտ սխալվում էի:

Էլի օգոստոս ամիսն էր, էլի նույն եռուզեռը։ Այս անգամ մենք ուսանող էինք` արդեն 3-րդ կուրս փոխադրված։ Արտակը Հասմիկի հետ էր ընկերություն անում, ես էլ նրանց քավորն էի: Ուր գնում էին, անպայման պետք է ես էլ ներկա գտնվեի (դե հիշում եք Արտակի համառության ու համոզելու ընդունակության մասին), նա առանց իմ ներկայության իրեն լիարժեք չէր զգում, քանի որ ունեի լսելու և խորհուրդներ տալու մեծ ընդունակություն, իսկ հակառակը երբեք չկար: Ժամերով կխոսեր իր խնդիրներից, տարբեր թեմաներից, երբ կողքից ուզում էիր մի բան էլ դու պատմել, զգում էիր, որ մի ակաջով մտնում, մյուսով դուրս է գալիս: Դրա համար գրեթե միշտ լսողի դերում էի:

Նարեի մասին վերջին դեպքից հետո ոչ ոքի հետ չէի խոսում, քանի որ գիտեի, որ ոչ ոք չի կարող օգնել։ Ինձ շատ աղջիկների էին մատնացույց անում, նույնիսկ նշում, որ անտարբեր չեն իմ նկատմամբ, բայց ինձ համար գոյություն ուներ միայն մեկը՝ Նարեն:

Սովորական օգոստոսյան օր էր, արթնացա այնքան երջանիկ. երբեք իրական կյանքում այդ զգացումը չեմ ունեցել մինչ օրս. երազիս քայլում էի այն այգով, որտեղ տեսել էի Նարեին: Հանկարծ նրան տեսա Արտակի կողքին, սովորական էր, նունիսկ չզարմացա, միայն սիրտս բաբախեց, ու ոտքերս թուլացան: Արտակը բարևեց և ասաց. «Դե ասեք իրար, ինչ ուզում եք»:

Նարեն ժպտաց, մոտեցավ ինձ ու ասաց.

- Ամեն ինչ նորմա՞լ է , շա՞տ է  ցավում ... 

- Հա՜ա՜ա, շատ է ցավում,- ծիծաղեցի ես: Պինդ գրկախառնվեցինք, ասես հազար տարի էր մեզ բաժանել, ու շատ հարազատ էինք, այնքան էի կարոտել նրան, չէի ուզում բաց թողնել:

Նա ասաց տանջված ձայնով.

- Վահա՛գ, ուզում ես խեղդե՞լ ...

- Չէ՜է՜է՜է՜,- անմիջապես թուլացրի ձեռքերս:

Ծիծաղեցինք, հետո առանձնացանք.Արտակը տարօրինակ հայացքով հետևում էր մեզ, մինչև անհետացանք տեսադաշտից: Քայլեցինք, զրուցում էինք արդեն չեմ հիշում ինչից: Նստեցինք իմ նստարանին՝ ծառի տակ, գրպանիցս հանեցի ու նրան նվիրեցի ապակե ուղղանկյան մեջ զմռսած այն վարդը. նա նայեց աչքերիս մեջ չարաճճի հայացքով ու ասաց.

- Բայց իրոք շատ էր չէ՞ ցավում  :)

Ժպտացի, մի պահ շունչս պահեցի, ինձ հավաքեցի ու շատ արագ շշնջացի նրա ականջին.

- Նարե՛, կնայե՞ս այն ծառին:

Նա նայեց, հետո պտտվեց իմ կողմը.

-Շատ եմ քեզ սիրում, առանց քեզ էլ չեմ ուզում ապրել, իմ Նարե:

Նա ոչինչ չասաց, ամաչեց, գլուխը կախեց ու չզգացի՝ ինչպես մեր շուրթերը մոտեցան իրար… համբուրվեցինք ... Չեմ կարող նկարագրել՝ ինչ երջանկություն զգացի այդ պահին ... Նայում էի ծառի փորագրությանը. այն աստիճանաբար հոսում էր, ասես ջուր լցնեին վերևից …

- Վահա՜աա՜գ, Վահաա՜աա՜գ,- պտտվեցի, տեսա մայրիկս է,- հերի՛ք քնես, արի՛ բալը հավաքենք, մուրաբա եմ սարքելու:

Աչքերս միանգամից բացվեցին: Ա՜խխ ... երանի այդ երազը չավարտվեր: Մի 15 րոպե փորձում էի էլի քնել, սակայն չստացվեց: Մինչև հիմա հիշում եմ նրա շուրթերի բույրը, տաքությունը ու այն ջերմությունը, որ նրանից ճառագում էր: 19 տարեկանում առաջին անգամ երազիս մեջ զգացի, թե ինչ է սիրած էակի համբույրը։ Ամբողջ օրը ճախրում էի օդերում: Ի՞նչ էր պետք 19 տարեկան պատանուն երջանկության համար՝ համբույր սիրած աղջկանից, թեկուզ երազում ...

Հիշեցի վարդի մասին, փոշոտված պահարանի վերին թարեքից գտա այդ ապակե հուշանվերը, որը պատրաստել էր ապակու աշխատանքներ կատարող ընկերներիցս մեկի հայրը, դրեցի ավելի տեսանելի տեղ, որ հետո հետս տանեի Երևան։

Երեկոյան իջա այդ այգին` համոզված լինելով, որ գոնե երազիցս մի հատված կիրականանա, սակայն Նարեն չկար։ Վարդերի բույրը տարածված էր այգում, որը ինձ հիշեցնում էր այն օրը և նրա մտահոգ հայացքը, երբ ինձ տեսավ՝ գետնին ընկած: Նստեցի իմ նստարանին և նկատեցի, որ ծառը սկսել է չորանալ. ախր շատ ծեր էր: Գնացի մի քանի դույլ ջուր բերեցի, ջրեցի: «Իմ ծառը չպետք է չորանա»,- ասացի մտքիս մեջ: Նորից նստեցի նստարանին և հանկարծ նկատեցի նրա ընկերուհի Աննային, որ հարցական հայացքով նայում էր ինձ։ Քայլում էր ինչ-որ երիտասարդի հետ։ Այն ժամանակվա չարաճճի ու գոռոզ աղջնակից բան չէր մնացել, գեղեցիկ օրիորդ էր դարձել։ Եթե չեմ սխալվում, նոր էին ավարտել դպրոցը: Երկար նայեցի նրան, մեկ էլ ...

- Բարև՛, Վահա՛գ ջան, լա՞վ ես, ընկերուհիս է՝ Աննան, ինչ-որ երկար նայեցիր - ժպտալով բարևեց այդ երիտասարդը։

Ես կանգնեցի.

- Բարև՞, ճիշտն ասած՝ չճանաչեցի:

- Ձեր դասարանի Արմենի մեծ եղբայրն եմ, ձեր ավարտական վերջին զանգից կհիշես, ներկա էի, սինթեզատոր էի նվագում, դու էլ կիթառ ու երգում էիր,

- Հա՜ա՜ա՜, հիշեցի իհարկե:

Մի քանի ստնդարտ նախադասություն փոխանակեցինք, մեկ էլ մի հանճարեղ միտք փայլատակեց գլխումս. «Ահա այն դուռը, որի միջոցով կարող եմ տեղեկություն իմանալ Նարեի մասին, ինչո՞ւ չէ, հնարավոր է նաև ծանոթանալու առիթ ստեղծել»։

Անունը Հրանտ էր, սովորում էր կոնսերվատորիայում, խնդրեցի Հրանտին երեկոյան հանդիպել՝ իբրև երաժշտության հետ կապված մի 2 հարց կա քննարկելու, մի-մի գավաթ էլ գարեջուր կխմենք: Պայմանավորվեցինք։

Վազեցի տուն և ուրախացած զանգեցի Արտակին.

- Աբ, չես հավատա, Հրանտին եմ տեսնելու, Աննայի ընկերն է, Նարեից տեղեկություններ իմանամ, կգաս չէ՞ հետս:

- Ի՞նչ Նարե, ի՞նչ Աննա, ի՞նչ Հրանտ…

- Էն աղջկան, չես հիշու՞մ, Նարեն, որ ընկա ...

- Հա՜ա՜, մեր հայաթի Աննայի ընկերուհի՞ն

- Հաա, հա՛…

- Գիտես չէ՞, տատը մահացելա Նարեի մի 2 տարի առաջ, էտ տունն էլ ծախին,

- Ա՜խ... դրա համար էլ չի գալիս,

- Հա դե էլ գա ի՞նչ էնե, նա պսակված էլ կեղնի

- Չէ հա, նոր դպրոցնա ավարտում, ա՛յ տղա, համ էլ տենց բաներ մի ասա

- Դե եսիմ, փաստորեն դու հլը սիրո՞ւմ ես Նարեին, հբը Հրա՞նտը ով է

- Անկեղծ ասած՝ հա՛, սիրում եմ, չեմ էլ մոռացել, Հրանտը մեր Արմենի ախպերն է, Աննայի ընկերը

- Հա ճիշտ է, լավ իրիկունը կխոսանք։

Արտակը  երբ ինչ-որ բանից հուզվում էր, Երևանյան ժարգոնը, գրական հայերենն ու Շիրակի բարբառը խառնվում էին իրար. սա այդ դեպքերից էր …

Երեկոյան հանդիպեցի Հրանտին, սպասեցի, բայց Արտակը չեկավ։ Հետագայում պատճառաբանեց, որ լավ չէր զգում։

Հրանտի հետ զրուցեցինք երկար: Արմենից, դասերից, երաժշտությունից, հետո աստիճանաբար թեման շեղեցի Աննայի ու հետո Նարեի ուղղությամբ, ասաց. «Հիշում եմ այդ աղջկան, բայց կարծեմ կապ չունեն Աննայի հետ, կճշտեմ, վաղուց չեն շփվել»։ Արդեն հաշիվը փակել էինք, դուրս էինք գալիս, մուտքի մոտ հանդիպեցինք Աննային, երևի պայմանավորվել էին, շունչս պահած աղոթում էի, որ ինձ մոտ չհարցնի Նարեից, բայց ...

- Անն, Վահագը քո ընկերուհուց էր հարցնում

- Ու՞մից

- Նարեից

- Հաա, Նարեի հետ կռվեցինք 2 տարի առաջ մի տղայի պատճառով, անիմաստ պատմություն էր,

- Ի՞նչ տղա

- Դե՛, այգում նստած էինք, մի ծիծաղելի տղա էր վազում չստերով, ընկավ մեր դիմաց, ես էլ ծիծաղում էի, դե երեխա էինք, Նարեն էլ ոնց որ հավանում էր այդ տղային: Նարեն նեղացավ ինձանից ու նախատեց, հետո էլ հաջորդ օրը գնաց Երևան: էլ չենք տեսնվել, նույնիսկ տատիկի թաղմանը Երևանի հարազատներից մարդ չեկավ, մայրիկս լսել էր, որ Հայաստանում չեն ապրում ինչ-որ...

Երևանի համարն ունեի, զանգեցի մի քանի անգամ, չպատասխանեցին։

Ես ամոթից գետինն էի մտել, հերիք չի իմացավ, որ հետաքրքվում եմ, դեռ մի հատ էլ ընկնելն է հիշում ու ծիծաղելի տղա: Լավ է ինձ չհիշեց, որ այդ ընկնողը ես էի: Այդ ամենի մեջ մի կայծ վառվեց իմ մեջ. «Նարեն ինձ հավանու՞մ էր, այ քեզ բաաան»: Հաղաթահարելով ամաչելու զգացումը՝ հարցրի.

- Իսկ այն ժամանակ նա ընկեր ունե՞ր, ինչ-որ մեկը մեքենայով գալիս էր չէ՞ հետևից:

- Չէ՛, իր հայրիկի ընկերոջ տղան էր, սիրում էր Նարեին, բայց նա չէր սիրում, ընկեր չուներ հաստատ։ Էն տղան էր դուրը գալիս …

Մի մեծ հույս փայլատակեց ներսումս, կապ չունի՝ Հայաստանում չէ, կապ չունի՝ ո՛ւր է, ինչպե՛ս է, կարևորը ընկեր չունի, պետք է գտնել նրան։ Խնդրեցի Նարեի Երևանի հեռախոսահամարը, Աննան խոստացավ փոխանցել Հրանտին ...

Նարեն Մաս 5

Հաջորդ օրը զանգեցի Հրանտենց տուն և վերցրի հեռախոսահամարը։

Ուզում էի զանգել, բայց համարձակությունս չէր հերիքում։ Զանգեմ, ի՞նչ ասեմ ախր ...

Հետո մտածեցի, որ լավ, կգնամ Երևան ու կզանգեմ։

Չէ՛, մտափոխվեցի, որոշեցի զանգել, Նարեին կուզեմ ու չեմ խոսի, ուղղակի ձայնը կլսեմ. Հավաքեցի Երևանի կոդը, հետո հեռախոսահամարը. հուզմունքից քիչ էր մնում ուշաթափվեի։ Զանգերը գնացին, մեկ, երկու, երեք… «ինչ կլինի... մարդ չվերցնի ,- համոզում էի ինքս ինձ,-   լա՛վ, 10 հատ պահում եմ ու վերջ» ,-  ութ, ինը...

- Ալո,- լսվեց տարեց տղամարդու ձայն:

- Ը՜ը՜ը՜ը, ալո՜ո՜ո՜...

- Լսում եմ, խոսե՛ք    

- Բարև՛ Ձեզ

- Բարև՛

- Կարենին կարելի՞ է

- Սխալ եք զանգել.

-Տու՛, տու՛, տու՛, - ու անջատվեց հեռախոսը։ Սկսեցի ինձ նախատել. «Ա՞յ հիմար, ի՞նչ Կարեն, այդքան համարձակություն չունե՞ս, ինչի՞ց էիր ամաչում, գոնե Նարեին ուզեիր, հետո չէիր խոսի, վախկոտի' մեկը»,- այսպես նախատում էի ինձ, մեկ էլ հնչեց հեռախոսի զանգը.

- Բարև, Վահա՛գ ախպեր

- Բարև՛, Արտա՛կ,

- Կներես, որ երեկ չեկա

- Մոռացել էիր, չէ՞,

- Չէ՛, գիդե՞ս քանի անգամ զանգի ձեր տուն, վերցնող չկար, շատ վատ էի, ինչ-որ բանից թունավորվել էի, ի՞նչ կենես, գուկա՞ս մեր տուն

- Ի՞նչ կա:

- Մենակ եմ, ասի, մի քիչ զրուցենք

- Լավ, հեսա կիջնեմ, ինչ-որ բան բերե՞մ հետս

- Մի 2 բաժակ արևածաղիկ վերցրու արի՛, համ էլ պապան Վան Դամի նոր կինոներիցա բերել, կնայենք։

- Լավ։

Նեղացած էի մի փոքր, ախր ամենակարևոր պահերին նա միշտ հեռու էր ինձանից ու միշտ ուներ արդարացում: Բայց դե չէի կարող երկար պահել մեջս նեղացածությունը (դա էլ իմ բնավորության երևի լավագույն գծերից էր): Ախր իմ մանկության ընկերն է ...

Որոշեցի այգու միջով գնալ, արևածաղիկ վաճառող տատիկից գնեցի արևածաղիկը ու շարժվեցի Արտակենց տան կողմ։ Ճանապարհը անցնում էր այն նստարանի կողքով։ Նստեցի նստարանի հենց այն մասին, որտեղ այն ժամանակ Նարեին էի տեսել ու նորից վերհիշեցի այդ ամբողջ օրը։ Ախր մի դրվագ բաց էի թողել, երբ ապուշացած հայացքով նայում էի նրանց, մայրիկի ամենամոտ ընկերուհին` տիկին Կարինեն, իր որդի Ալեքսի հետ անցնում էր նրանց կողքով: Տեսնելով նրանց՝ Նարեն բարձրացավ նստարանից, գրկախառնվեց տիկին Կարինեին, խոսեցին մի քանի րոպե, Ալեքսի հետ էլ մի երկու բառ փոխանակեց, ու նրանք գնացին:

Ո՞նց էի մոռավել այս պահը ... Կա՛մ մայրիկին պետք է ասեմ` ինչ-որ ինֆորմացիա իմանա տիկին Կարինեից (բայց ամոթ է), կա՛մ Ալեքսին պետք է գտնել։ Ալեքսը փոքր էր ինձանից մոտ 4 տարի, քույրիկիս դասարանից էր: Մտածելով քայլում էի, երբ նկատեցի, որ արդեն Արտակենց տան մոտ եմ հասել։ Նստեցինք, զրուցեցինք, ֆիլմը դիտեցինք: Ես մտքով արդեն պլաններ էի գծում ու ֆիլմից գրեթե ոչինչ չէի ֆիքսել։ Արտակի հետ ոչինչ չխոսեցի Նարեի մասին, միայն նա վերջում հարցրեց.

- Մի բան իմացա՞ր Հրանտից:

- Չէ՛, ոչ մի բան:

Նա էլ ոչ մի հարց չտվեց՝ ո՛չ Հրանտի, ո՛չ Նարեի հետ կապված, ու այդ օրից որոշեցի, որ այլևս չեմ խոսելու նրա հետ այդ թեմայով, մինչև ռեալ ինչ-որ բան չպարզեմ կամ Նարեիի հետ չզրուցեմ։

Երեկոյան եկա տուն և որոշեցի մայրիկի հետ զրուցել. «հանճարեղ» պլանն արդեն գծել էի.

- Մա՛մ, մի բան պետք է ասեմ, Արտակը մի աղջկա է հավանում` անունը Նարե, Երևանից է, գալիս էր միշտ այստեղ` տատիկի տուն, բայց 2 տարի է՝ չի գալիս, տատիկը մահացել է, տիկին Կարինեի հետ էլ մոտ են ինչ-որ, ասաց, կասե՞ս մամայիդ, մի քանի բան իմանա նրանցից։

Մայրիկի հայացքից ու աչքերից հասկացա, որ ինչ-որ բան գիտի ու հավանաբար հասկացավ, որ Արտակը այստեղ կապ չունի։ Նրա ուրախ տրամադրությունը վայրկենական փոխվեց.

- Տղա՛ ջան, տիկին Կարինեն քո ասած Նարեի մայրիկի քեռու աղջիկն է։ Նարեի մայրիկը ու հայրիկը զոհվել են ավտովթարից` երկու տարի առաջ, երբ գալիս էին Նարեին Երևան տանելու, իսկ տատիկը դրանից մի քանի ամիս հետո մահացավ: Նարեին ու Դավիթին նրանց հոր կողմի տատիկ-պապիկն են պահում. դաժան պատմություն է, ավել բան չգիտեմ էլ նրանց մասին։

- Նարեն եղբա՞յր ունի:

- Հա, 10 տարեկան էր, երբ դեպքը պատահեց, հիմա 12 կլինի..

- Պարզ է, կասեմ Արտակին, գնամ մի քիչ քայլեմ այգում, կգամ։

Հազիվ էի թաքցնում հուզմունքս. կոկորդս ինչ-որ բան սեղմում էր: Մայրիկս ոչինչ չասեց. դուրս եկա տանից, արդեն մութ էր ... Մանուկ հասակից չեմ հիշում մի դեպք, որն ինձ կստիպեր հուզվել ու արտասվել. սա այդ եզակի դեպքերից էր ... Արցունքներս իրենք իրենց հոսում էին ... Ախր ես պետք է նրա կողքին լինեի, եթե այդ օրը չընկնեի ու ոտքս չվնասեի ... Սկսեցի ինձ մեղադրել, տեսնես ի՞նչ է անում հիմա, տեսնես ինչպե՞ս են ապրում: Ամեն ինչ ընկավ իր տեղը ..

Տատիկի մահը, իրենց չգալը, Աննային առանց հրաժեշտ տալու գնալը ....

Չէ՛ ... ամեն գնով պետք է գտնեմ նրան ... Նա իմ կարիքն ունի ...

Նարեն մաս 6

- Վահա՛գ ...,- Արտակի ձայնը ետ բերեց ինձ դեպի գիշերային ակումբ։

- Հ՛մ ...

- Էս երգով լրիվ մեջս քանդեցիր, եղբա՛յր, 35 տարի իրար ճանաչում ենք, բայց ես այդպես էլ քեզ չկարողացա բացահայտել, գիտե՞ս՝ ինչքան եմ կարոտում քո ներկայությունը: Ախր մենք ուրիշ ընկերներ էինք, ի՞նչ սև կատու անցավ մեր միջով, կներես ինձ, եթե ինչ-որ բան էն չեմ արել, ախր շատ ջահել էինք, անխելք ու տաքարյուն, առանց մտածելու ինչե՜ր էինք անում .. Գիտե՞ս ինչն եմ հիշու՞մ, որ համալսարանում Հասմիկին մի լակոտ էր նեղացրել, գնացել էինք մի 20 հոգով պարզելու, ու միայն դու մնացիր կողքիս: Երկուսով լավ կռիվ արինք 10 հոգու դեմ: Ճիշտ է, քո քիթն էին ջարդել, իմ էլ գլուխն էր ճղվել, բայց իրենցից 6 հոգու հիվանդանոց տարան: Հետո գնացինք, մի հատ գինի առանք ու ձմերուկ ու գնացինք Հասմիկենց տուն, հիշո՞ւմ ես: Վահա՛գ, ախր միշտ հիշում եմ, որ տխուր էիր, ինչ-որ բան էիր թաքցնում, ես էլ միշտ իմ խնդիրներով գլուխդ տանում էի, երկար եմ մտածել այս տարիներին ու հասկացել, որ շատ բան եմ բաց թողել, կներես ախպե՛րս, բաներ կար, որ չպետք է անեի, բայց …. է՜է…..

Արտակը գինովցած էր, հերթով կպցնում էր ծխախոտի գլանակները` առանց ընդմիջման, խոսում էր, անկեղծանում, իսկ ինձ համար վաղուց միևնույնն էին  նրա ոչինչ չասող խոստովանությունները։ Ես իրականում երբեք էլ չէի մոռացել, որ երբ ունենում էի նրա կարիքը, նա միշտ հեռու էր լինում,  միշտ զբաղված ու «խառը»։

Այդ կռվի օրն էլ լավ հիշեցի ...

Պատմությունը սկսվում է հիշողությունների հենց այն կետից, որտեղից հետ էի եկել գիշերային ակումբ։

Պետք էր գտնել Նարեին...

Ծնողներիս պատճառաբանելով, որ չհանձնած քննություն ունեմ, այդ տարի շուտ գնացի Երևան։ Մինչ այդ մնում էի հորաքրոջս տանը։ Բայց այդ տարվանից տեղափոխվեցի վարձով այլ բնակարան` մյուս հորաքրոջս տղայի հետ ապրելու. նա նոր էր ընդունվել համալսարան։

Երևան հասնելուն պես զանգեցի ընկերոջս, որի հայրը աշխատում էր ոստիկանությունում, ու խնդրեցի հեռախոսահամարի միջոցով ճշտել մի հասցե։ Մի քանի օր անց  նա զանգահարեց և ասաց ինձ Նարեի տան հասցեն։ Առանց վարանելու միանգամից գնացի տվյալ հասցեով շենքի մոտ, մի քանի պտույտ անելուց հետո մոտեցա բակում հավաքված տղաներին։ Հարցուփորձ արեցի Նարեիի մասին, նրանցից մեկը պատասխանեց, որ ծնողների մահից հետո նրանք այստեղ չեն ապրում, մեկ-մեկ պապիկն է գալիս մի քանի ժամով ու գնում։

Այլ տեղեկություններ չունեին ... «Է՜հ, էլի չստացվեց ...»,- մտածեցի ես:

Չգիտեի էլ նույիսկ՝ եթե Նարեին գտնեի, ի՞նչ էի խոսելու հետը, բայց գոնե կտեսնեի, գոնե ձայնը կլսեի .. Ես Արտակից մի լավ ունակություն էի ձեռք բերել` համառություն։

- Ինչ գնով էլ լինի, պետք է գտնեմ..

Հենց այդ օրն էլ երեկոյան, զանգեց Արտակը ու պատմեց հերթական արկածների մասին, հաջորդ օրը տեղի ունեցավ վերոնշյալ կռիվը, որը 180˚-ով փոխեց երկուսիս կյանքն էլ: Չնայած դա ո՛չ առաջինն էր, ո՛չ վերջինը: Արտակը ուղղակի լավ չէր հիշում մանրամասները կամ այդպես էր ուզում հիշել, երբ կռվի թեժ պահին ինքը ու իր 20 ընկերները ուղղակի ծլկեցին, ու ես մնացի միայնակ գրեթե 30 հոգանոց խմբի դիմաց։ Նրա գլուխը իրականում ջարդվել էր այդ տղաների` նրա երևից նետած քարից։ Բուն խնդիրն էլ ոչ թե Հասմիկի հետ էր իրականում կապված, այլ նրա երկար ու անկառավարելի լեզվի ու ձեռքերի: Իրականում քթիս մի թեթև հարված էի ստացել քաշքշուկի մեջ, չնայած որ հետևանքը մինչև հիմա էլ ակնհայտ է, սակայն դա այդ պահին ինձ թվաց չնչին բան։ Դե ես էլ ամբողջ կյանքում սպորտով էի զբաղվել, ու փախչելը ինձ համար պատվաբեր չէր: Ամեն դեպքում կռիվը հանդարտեցրեց ընկերներիցս մեկը, որը մյուս խմբի կողմից էր եկել։ Բոլոր հարցերը կարգավորեցինք, ձեռք ձեռքի տվեցինք, այդ տղան էլ խոստացավ Հասմիկին «էլ չնեղացնել»։ Իսկ Արտակը տարօրինակ կերպով չկար ... Երկար ման եկա մոտակայքում, հարցուփորձ արեցի, տղաներից մեկը նշեց, որ տեսել է նրան բուժկետի մոտ, այնտեղ էլ գտա Արտակին` գլուխը բինտերով փաթաթած։ Էն ձմերուկն ու գինին վերցրինք ու գնացինք Հասմիկենց տուն։ Ճանապարհին նախատեցի նրան.

- Ախր ինչո՞ւ  փախաք, ինձ միայնակ թողեցիք, գնացել էինք հարց լուծելո՞ւ, թե՞ թռնելու:

- Հո՛ չէինք մնալու, որ ծեծ ուտեինք, դու ինչո՞ւ չես փախել, շատ էին, հիշի՛ր, տենց վախտ պետքա թռնես, հետո կգնանք գլուխները կաղանք:

- Հարցը լուծվել է, մեր կուրսի Տիկոն էր այնտեղ, սաղ նորմալ է, էտ տղեն իրան խելոք կպահի:

- Չէ՛, ես դեռ դրանց հետ հաշիվներ ունեմ, բայց դա հետո. լավ է, որ ամեն ինչ վերջացավ, թող տենց մտածեն։

Խոսելով հասանք, Հասմիկը վախեցած մեզ դիմավորեց, հարցուփորձ արեց, հետո մշակեց քթիս վերքը, իսկ Արտակը իհարկե երկար խոսեց իր գլադիատորական սխրանքներից: Ձմերուկը գդալով փորում էր ու պատմում: Ես, ինչպես միշտ, լուռ ժպտում էի ու գլխով հաստատում էի նրա երևակայությունները՝ Հասմիկի մոտ խայտառակ չանելու համար։ Հետո, խախտելով ինքս իմ առջև դրած պայմանը, պատմեցի Արտակին ու Հասմիկին Նարեի  ծնողների ու մնացածի մասին: Հասմիկը լսում էր ինձ, իսկ Արտակը միացրել էր համակարգիչը և աթոռին գրեթե պառկած՝ թղթախաղ էր խաղում, վերջում ասաց իր հեղինակավոր խոսքը.

- Ի՞նչ էս կպել այդ աղջկանից, թարգը տուր էլի, քանի՞ տարի եղավ, էն իսկի քեզ չի էլ ճանաչում, գլուխներս անընդհատ տանում ես ... հա՛մ քեզ ես տանջում, հա՛մ մեզ. էլ աշխարհում աղջիկ չկա՞ ..

Նման պատասխան նրանից երբեք չէի սպասում։ Ես ոչինչ չասացի ...

Հասմիկը ջղայնացավ.

- Արտա՛կ, ի՞նչ ես խոսում, ընկերդ տարիներով սիրում է այդ աղջկան, ես առաջին անգամ եմ լսում, ե՞րբ է գլուխ տարել:

- Ուղեղը կերելա էդ Նարեն, երկու տարի է՝ լսում եմ էլի, սիրում ես` մի բան արա, գտի՛ր, ամուսնացի՛ր, մենակ մեզի հանգի՛ստ թող ... ինչխ որ սիրահարված պինգվին էղնիս…

Ես չդիմացա.

- Ոչինչ, Հասմի՛կ ջան, գլխին տվել են, ուղեղը թափվել է երևի, թող խաղը խաղա, ես դուրս եմ գալիս, հետո կխոսենք:

- Վահա՛գ, չհանձնվես ...

- Լավ, Հա՛ս ջան, դե ես գնամ, ձեզ մենակ թողնում։

Արտակը չշրջվեց էլ, ձեռքը բարձրացրեց, իբրև հաջող էր անում, տեղից էլ չբարձրացավ։

Այդ օրը մի բան կոտրվեց իմ մեջ, միգուցե հենց այդ ժամանակ բացահայտեցի Արտակի իրական դեմքը: Անկեղծ կասեմ. նրա այդ պահվածքում ես ունեի մեղավորության իմ բաժինը` իմ լռությամբ ու նրա կապրիզներին դրական արձագանքներով։

Ոտքով քայլեցի տուն, մոտ 3-4 ժամվա ճանապարհ էր, գլխումս խառնաշփոթ էր։ Հիասթափված էի ամեն ինչից ...

Հասնելով տուն՝ վերցրի կիթառս` իմ հավատարիմ ընկերը, որը միշտ կողքիս է մինչ այսօր. համոզված եմ՝ նա երբեք ինձ միայնակ չի թողնի..

- Մենք արդեն դուրս ենք գալիս, շատ հաճելի էր ,- ասացին Արտակի ընկերները, և հրաժեշտ տվեցինք. երևի հոգնել էին Արտակի պատմություններից, բայց ամոթից ձայն չէին հանում:

- Ես էլ գնամ, Արտա՛կ:

- Ո՞ւր

- Տուն, եղբա՛յր,, տուն ...

- Նստի՛, մի բաժակ էլ խմենք, կարոտս առնեմ, կգնաս:

- Ախր ...

- Ոչ մի ախր ... Վահա՛գ, գիտե՞ս որ մեծ տղայիս անունը Վահագն է .. Ես չէի ուզում դնել. նեղացած էի քեզանից, որ գնացիր, ու այն ապտակի՛ համար: Բայց Հասմիկը համոզեց. հիմա չեմ փոշմանել, շատ է սիրում կիթառ նվագել ու բնավորությամբ քեզ եմ նմանեցնում՝ բարի, դիմացինին լսող: Միջնեկս լրիվ ես եմ՝ կռվարար, տաքարյուն, չեմ կարողանում կառավարել, աղջիկս էլ Հասմիկին է նման՝ շատ խելացի, սովորող ու համեստ։

- Աստված պահի էրեխեքին, ափսո՜ս, կուզեի տեսնել։ Լսի՛ր, դու լավ գիտես՝ ապտակը տեղին էր: Ու նեղացած մի՛ ձևացիր, լավ էլի: Խմած եմ, այնքան բան կասեմ, այստեղ իրար կսպանենք: Լսի՛ր, ինչպե՞ս ես ապրում Հասմիկի հետ, դեռ քեզ սիրո՞ւմ է:

Տարօրինակ հարցիցս հետո Արտակը սթափվեց.

- Դե ինքը իմ երեխաների մայրն է, այլ կերպ չի էլ կարող լինել, բայց ինչո՞ւ  ես այդ հարցը տալիս…

- Ախր ես էլ, դու էլ լավ գիտենք, թե ինչու ամուսնացար Հասմիկի հետ:

- Անկեղծ սիրել եմ ... հետո՞ ...

- Ես լավ գիտեմ, որ սիրել ես, հետո՞ ... հետո նյութականը, չեմ ուզում շատ բան ասել, անկեղծ ուզում եմ՝ երջանիկ լինեք, դեռ մի կյանք առջևում է ...

Ավելի սթափվեց Արտակը ...

- Վահա՛գ, չեմ հասկանում՝ հիմա ինչո՞ւ  ես դա ասում: Հա՛, Հասմիկի հայրը հարուստ էր, բայց ես հո դրա համար չէի ...

- Էէէէ՜ Արտակ։ Ես էլ առաջվանը չեմ, ու դա քո շնորհիվ. ես սկսեցի ճանաչել մարդկանց հենց քո շնորհիվ։ Հասկացա, որ բոլորը չեն լինում ազնիվ, կարեկից, ընկերասեր: Դու լավ գիտես՝ դժվար չէր գլխի ընկնել, թե ինչո՞ւ հարսանիքիդ օրը ես գնացի։ Կյանքիս մեծագույն սխալն էր գնալը, պետք է տեղում ... մի խոսքով... արի փակենք թեման, չխոսենք այդ մասին, միևնույնն է, արդեն ոչինչ չենք փոխի, ու չասես որ չես հասկացել ...

- Վահա՛գ .... կարո՞ղ ես ինձ ներել:

- Դու գիտես, որ ես երբեք չեմ նեղանում, դա իմը չէ, ներել եմ քեզ վաղուց, բայց չկարողացա հասկանալ ու ընդունել երբեք ...

- Ես լրիվ հասկանում եմ քեզ, իրոք կուզեմ էլի առաջվա պես լինի, գոնե կապերը չխզենք, ընտանիքներով շփվենք, երեխեքը շփվեն, որ Հայաստանում են ... մի հատ խփի՛ր ինձ, հանգստացի՛ր ...

- Էէ՜է՜... լավ էլի ...առաջվա՞նը ... դու խոսես, ես լսե՞մ, ստե՞ս ինձ ու բոլորին ... լավ էլի, Արտա՛կ, մարդիկ չեն փոխվում ...

- Ես փոխվել եմ, հավատա՛, հասկացել եմ, որ նյութականն ու մնացածը ոչինչ են, կարևորը այն մարդիկ են, որոնք քո կողքին են, հիմա լուրջ առողջական խնդիրներ ունեմ, ու բան չի երևում աչքիս, բացի ընտանիքիցս ու ընկերներիցս ...

Արտակը սկսեց հոնգուր-հոնգուր լաց լինել։ Ինձ համար նույնիսկ ծիծաղելի էր։ Այն Արտակը, որի համար աղջիկները խելագարվում էին թե՛ խելքի, թե՛ արտաքինի համար, այն Արտակը, որի մեկ խոսքը նրա շրջապատի համար օրենք էր ... Այն Արտակը, որը կհամոզեր քեզ գրպանիդ վերջին կոպեկը նվիրել իրեն ու դրանից հետո լավ զգալ քեզ ... Այո՛, նա այդպիսին էր, ու պատահական չէր, որ միշտ հասնում էր իր ուզածին։

Մոտ 10 օր հետո Արտակը զանգեց.

- Բարև, ա՛բ

- Բարև՛, գլուխդ ո՞նցա

- Լավ, 3 օր առաջ կարերը քանդին, Վահա՛գ, երեկ էդ տղուն բռնեցի, ընենց եմ ծեծել՝ շունը ձեռից հաց չի առնի, քաղմաս են տվել:

- Հա՛, բայց ինչո՞ւ  ես ծեծել:

- Դե՛, էն օրվա համար, որ քարով խփեց:

- Բայց առաջինը դու խփեցիր այդ օրը ու փախար ...

- Դե հա .., լավ էդ հեչ, 2000$ փողա պետք, բերանը փակենք:

- Ապեր, 600$ փող ունեմ ... ուսմանս վարձի փողն է ...

- Ե՞րբ պետքա տաս:

- 20 օրից ամենաուշը:

- Դե էդ տո՛ւր, ես մի 10 օրվա մեջ կճարեմ, էդ հարցը լուծենք։

Չէի, ուզում տալ` կանխազգալով, որ ես եմ ինձ համար խնդիրներ ստեղծելու, բայց հո չէի թողնի՝ դատեն։

- Արի՛, տա՛ր:

- 2 ժամից ձեր տանն եմ։

Գումարը տարավ ու կորավ ... նույնիսկ չհարցրեց՝ ո՞նց ես, քիթդ ո՞նց է ...

Վերջին երկու օրն էր մնացել ուսման վարձը վճարելու, արդեն նախազգուշացում էին արել, որ կհեռացնեն համալսարանից: Արտակի հեռախոսը չէր պատասխանում: Նույնիսկ Հասմիկը տեղյակ չէր նրանից, շատ էինք անհանգստանում։ Դասերի էլ չէր հաճախում: Զանգեցի ծնողներին, ասացին, որ Ռուսաստանում է, կգա մի քանի օրից, Հասմիկն էլ զարմացավ, բայց գոնե հանգստացանք:

Խառնելով ընկերներիս, բարեկամներիս՝ այդ գումարը մի կերպ ճարեցի ու մուծեցի, խոստացա շուտ վերադարձնել։

Ընդունվեցի աշխատանքի ինտերնետ ակումբում, որպեսզի գումարը վերադարձնեմ: Աշխատում էի դասերից հետո՝ մինչև առավոտ, իսկ դասերի ժամանակ քնում։

Արտակից արդեն 2 ամիս է` լուր չունեի։ Իսկ Նարեին գտնելը մղվել էր երկրորդ պլան։ Մեկ-մեկ Հասմիկի հետ էի զրուցում հեռախոսով։

Դեկտեմբեր ամիսն էր, աշխատանքի վայրում նստած էի համակարգչի դիմաց, երբ լսեցի կանացի մի քնքուշ ձայն.

- Բարև՛ Ձեզ, ազատ համակարգիչ ունե՞ք ...

Նարեն` մաս 7

Բարձրացրի գլուխս. հրեշտա՞կ էր իջել երկնքից, այնպիսի էներգիա զգացի, որ մի պահ քարացա:

Շատ բարձրահասակ չէր, բայց ուներ սլացիկ կազմվածք, խնամված, բայց լրիվ բնական, շագանակագույն երկար մազեր, իսկ աչքերը աննկարագրելի էին, նրանք այնքան խորն էին, որ եթե ունակություն ունենայի աչքերով կարդալ մարդու հոգին, կարելի էր նաև վեպ գրել: Նա ինձ ստիպեց երկրորդ անգամ սիրահարվել առաջին հայացքից: Մոտ տասը վայրկյան ակնդետ նայում էի նրան. նա ձեռքով փորձեց շեղել հայացքս ու հարցական ժպիտով ասաց.

- Ունե՞ք ազատ տեղ:

- Ը՜ը՜ը՜,- կմկմացի ես,- յոթը, յոթը նստեք։

Զարմացած հայացքով հետևելով ինձ՝ տեղավորվեց համակարգչի դիմաց։ Ընթացքում ժպտում էր, ինչ-որ մեկի հետ երևի նամակագրական կապի մեջ էր, ժպիտի մեջ մեկ-մեկ նկատելի էր թաքնված թախիծ: Մոտ տասը րոպե հետևում էի նրան, իսկ երբ նրա կախարդանքը արդեն թողեց իր ազդեցությունը, ես հասկացա, թե ինչքան հարազատ էին այդ աչքերը, ակամայից ցանկություն առաջացավ բարձրանալ ու պինդ գրկել նրան, գոռալ ամբողջ ակումբով: Այնքան երկար էի նայում նրա ուղղությամբ, որ նա մի քանի անգամ որսաց իմ հայացքը. զգացի, որ դա արդեն նրան դուր չի գալիս։ Չէի կարողանում կտրվել նրանից. ասես վախենում էի կորցնել, այո', դա իմ Նարեն էր, նա իրական էր։ Երբեք նման բան չէի արել, բայց չդիմացա ու իմ համակարգչից մտա նրա մոտ։

Բաց չեմ թողնի նրան, ամեն հնարավոր տարբերակը պետք էր օգտագործել՝ նրա մասին ամեն ինչ իմանալու համար։ Նա ICQ ծրագրով խոսում էր ինչ-որ տղայի հետ. իհարկե, ինձ թույլ չտվեցի կարդալ նրանց խոսակցությունը, բայց ICQ-ի համարը ու էլեկտրոնային հասցեն կարողացա իմանալ։ Այդ ընթացքում արագ կապվեցի եղբորս հետ ու խնդրեցի, որ գա, ինձ աշխատանքի վայրում փոխարինի, քանի որ պլանավորել էի արդեն, ինչ գնով էլ լինի, նրա հետ դուրս գալ: Թեկուզ կտեսնեմ, թե ուր է գնում։ Եղբայրս ուշանում էր, իսկ նա, զգում էի, որ պատրաստվում է դուրս գալ։ Տեղս չէի գտնում, դուրս ու ներս էի անում, բայց Կարենը չկար ...

Նա վեր կացավ տեղից, մոտեցավ ինձ. շունչս չէր հերիքում, ոտքերս թուլացել էին.

- Իմ հաշիվը կասե՞ք:

«Ինչքա՜ն եմ ես քեզ սպասել ու փնտրել, Նարե՛, սա երա՞զ է, հիմա դու կանգնած ես իմ դիմա՞ց»,- ինձ թվում էր՝ ես մտքիս մեջ էի մտածում ...

- Ի՞նչ, չհասկացա,- արդեն չէր ժպտում. երևի խելագարի տեղ դրեց:

- Ձե-րը ան-վըըճար է,- ապուշացած ժպիտով ասացի նրան, ախր նա այնքան հարազատ էր, որ ինձ թվում էր, թե նա էլ է նույնը զգում:

- Այսի՞նքն,- զարմացավ Նարեն:

- Դե շատ քիչ եք նստել ..

- Մոտ մեկ ժամ օգտվել եմ, հաշիվը ասե՛ք, ես գնամ,- ասաց արդեն մի քիչ զայրացած տոնով:

- Չէ՛, իրոք, մեզ մոտ առաջին անգամ այցելած հաճախորդը անվճար է օգտվում,- հորինեցի ես ու կարմրեցի:

- Նման բան առաջին անգամ եմ լսում, լավ, ամեն դեպքում՝ շնորհակալություն։

Նա շտապեց դեպի ելքը, ես հասկացա, որ այնքան էլ լավ բան չարեցի, հնարավոր է՝ էլ չգա, երևի շատ նայեցի, է՜է՜, ամեն ինչ փչացրի ... «Կարեեեն, ու՞ր ես»,- մռմռթում էի քթիս տակ. ախր չէի կարող ամբողջ ակումբը թողնել ու դուրս գալ, իսկ նման հնարավորություն կարող էր էլ չլինել... Զայրույթից ձեռքերս դողում էին, նույնիսկ գրավեցի մյուս հաճախորդների ուշադրությունը։

Մեկ էլ եղբայրս ներս մտավ.

- Նստի՛ր, հետևիր ակումբի՛ն, ես քիչ հետո կգամ, ամեն ինչ տետրի մեջ գրած է.

- Ո՞ւր, ա՛յ տղա:

- Կգա՛մ, կասե՛մ:

- Լավ:

Վազեցի դուրս, բայց արդեն 10-15 րոպե անցել էր, դժվար էր հասկանալ, թե Նարեն ո՛ր կողմ էր գնացել: Ենթադրելով բարձրացա ձախ հատվածով՝ հույս ունենալով, որ նա այդ կողմի վրա կլինի, բայց, ցավոք, չգտա:

«Ախր դու այնքան մոտ էիր ինձ, Նարե՛, ինչու՞ չկարողացա ոչինչ ասել քեզ, մի՞թե չէիր հիշում ինձ։ Չնայած որտեղի՞ց հիշես` չստերով ու գզգզված մազերով…»։

Մոտ մեկ ժամ թափառելուց հետո հուսահատված վերադարձա.

- Վահա՛գ, էդ ո՞ւր գնացիր, նորմա՞լ է  ամեն ինչ:

- Կա՛ր, Նարեն էր եկել ակումբ ..

- Ո՞նց, էն Նարեն

- Հաա՛ ...

- Հետո՞…

- Հետո, հե՛չ ... չգտա էլ ..

- Չխոսեցի՞ր ակումբում:

- Չէ՛, հարմար առիթ չստեղծվեց:

- Սյդքան սպասում էիր, որ բան չասեի՞ր ...

- Չէ՛ դե, ո՞նց ասեի, նա ինձ չճանաչեց, կամ էլ ճանաչեր էլ, ես ո՞վ էի նրա համար, երկու անգամ էր տեսել, մեկ անգամ երեք-չորս վայրկյան, մյուս անգամ բոմժի տեսքով ... դու էլ ախր էնքան ուշացար:

- Տանից մինչև հասա մի ժամ տևեց, տրանսպորտ չկար, ոտքով եկա, համ էլ չասեցիր, է՜, ինչն ինչոց էր ..

- Դե լավ, կարևորը ICQ-ն ունեմ, հիմա կավելացնեմ ու կգրեմ մի բան:

Կարենը տեղյակ էր ամեն ինչից, եթե մինչ ուսանողական տարիները քիչ էինք իրար հետ շփվում, ապա սկսած այդ տարիներից՝ իմ եղբայրը դարձավ նաև իմ ամենամոտ ընկերը։ Կարելի էր ասել` Արտակին փոխարինեց:

Կարենը գնաց. գործեր ուներ: Փնտրեցի, գտա Նարեի պրոֆիլը, բայց ձեռքս չգնաց՝ ընկերության հայտը ուղարկեմ, մտածեցի, որ սիրուն չէ, հնարավոր է սխալ հասկանա։ Առանց այդ էլ համը հանել էի: Մեկ էլ հաճախորդներից մեկը մի դրամապանակ բերեց ու նշեց, որ յոթերորդ սեղանին էին մոռացել։ Դրամապանակը բացեցի ու հենց առաջին էջին Նարեի լուսանկարն էր ծնողների ու եղբոր հետ միասին: Ահագին երկար նայեցի նկարին, ինչքան երջանիկ էին այդ նկարում: Նա մոտ այն տարիքին էր, ինչ ես տեսել էի, ա՛յ այսպիսին էի ես նրան հիշում, ինչքա՜ն էր փոխվել, ավելի էր գեղեցկացել, այնքան որ նույնիսկ սկզբում չճանաչեցի։ Իմ Նարե՜, իմ սեր …

Դրամապանակի գումարի հատվածը նույնիսկ չփորձեցի բացել։

Կպատկերացնե՞ք իմ երջանկության չափը, շատ հարմար առիթ էր նրան գրելու, այդպես էլ արեցի.

- Բարև՛ Ձեզ, Ձեր դրամապանակը մոռացել եք մեզ մոտ, կարող եք մտնել, վերցնել կամ կարող եմ բերել Ձեր նշած հասցեով:

Երկար սպասեցի, բայց պատասխան չեկավ, չնայած համոզված էի, որ հիմա չի պատասխանի, դրա համար ինտերնետ էր պետք։ Աշխատանքի ավարտից հետո դուրս եկա: Դրամապանակը վերցրի հետս ու մոռացա գործընկերոջս զգուշացնել։

Հաջորդ օրը՝ առավոտյան, արթնացա, Կարենի հետ նստել էինք թեյ խմելու, բացեցի դրամապանակը ու ժպտալով նայեցի Նարեի նկարին.

- Վահա՞գ, դրամապանակի հե՞տ ես սկսել շփվել,- ծիծաղեց Կարենը:

- Չէէ՜ ... անմիջապես փակեցի ու դրեցի գրպանս:

- Աղջկա դրամապանա՞կ է

- Հա՛, Նարեինն է, մոռացել է:

- Բա ինչո՞ւ է մոտդ:

- Որ տամ անձամբ, նկար կա մեջը, դա էի նայում:

- Ցույց կտա՞ս:

Ցույց տվեցի Կարենին, նա նայեց, ժպտաց ու ասաց.

- Հերիք է տանջես քեզ, գտի՛ր Նարեին, գտի՛ր, շատ համով աղջիկ է։

Անհամբեր սպասում էի, թե երբ է իմ հերթափոխը լինելու, որ կարդամ՝ արդյո՞ք պատասխանել է։

Ինձանից առաջ Նարինե անունով մի աղջիկ էր աշխատում, մտնելուն պես նա ասաց.

- Վահա՛գ, մի աղջիկ էր եկել, ասաց, որ դրամականը այստեղ է թողել, նայեցի, մոռացված իրերի դարակում չգտա:

- Հա, ճիշտ է, ինձ հետ էի վերցրել, որ հանձնեի ...

Փաստորեն պլանս աշխատեց, լավ է, որ տարել էի դրամապանակը։ Ուրեմն էլի կգա: Երջանկությունից ճախրում էի օդում։

Բացեցի համակարգիչը, Նարեն պատասխանել էր. մի տեսակ համարձակությունս չէր հերիքում բացել հաղորդագրությունը  կամ էլ ափսոսում էի. ախր նա դա գրել էր իր քնքուշ ու նուրբ մատներով, ասես սիրո խոստովանություն էի արել և սպասում էի պատասխանի։ Վերջապես կես ժամ տանջվելուց հետո բացեցի. «Շնորհակալ եմ Ձեզ անչափ, ինձ համար շատ թանկ է այդ դրամապանակը։ Բայց ես եկա այսօր, չգտան ..»:

Ես գրեցի. «Կներեք, վերցրել էի ինձ հետ. մտածեցի՝ չկորչի հանկարծ, այսօր մոտեցեք կամ կարող եք հասցե ասել, ես կբերեմ ...»:

Պետք էր այնպես անել, որ նրա գալու ժամանակ ես ակումբում լինեմ, որոշեցի ինչքան էլ լինի, սպասեմ։ Ի դեպ, ինձ հետ վերցրել էի նաև այն ապակյա ուղղանկյունը, որի մեջ դրված էր վարդը, որը դրեցի դարակիս մեջ։

Այդ օրը աշխատեցի երկու հերթափոխով. ժամը 23:00-ն էր, ինձ պետք է փոխարիներ այլ աշխատող։ Մտածելով, որ գիշերը հաստատ չի գա, վերցրեցի դրամապանակը ու դուրս եկա ակումբից։

Տանը Կարենին պատմեցի, որ պատասխանել էր, հետո հնչեց հեռախոսազանգ.

- Բարև՛, իմ ախպեր

- Արտա՞կ

- Հա՛, աբ ջան, եկել եմ, տանն ե՞ք:

- Հա՛, նոր եմ եկել

- Գամ մի քիչ զրուցելու բան կա, համ էլ գումարը կտամ, կներես ուշացնելու համար, բայց շատ բան տեղի ունեցավ այս ամիսներին, կգամ, կպատմեմ

- Արի՛։

Արտակը եկավ, գրկախառնվեցինք, ու էլի մոռացա, որ նեղացած էի. անկեղծ կարոտել էի, երկար խոսեցինք։ Գումարը տվեց, հետո պատմեց, որ համալսարանից դուրս են թողել տարվա քննությունները չհանձնելու պատճառով, ու որ դեկտեմբերի վերջին պետք է բանակ գնա։ Հետո պատմեց ամենասարսափելին, որ այդ տղան, որին ծեծել էր, հիվանդանոցում այդպես էլ ուշքի չգալով, մահացել է, շատ է ափսոսում, պատմեց նաև, որ մեծ գումար են տվել տղայի հարազատներին, որ չբողոքեն ոստիկաններին, որ գործը փակեն: Ընթացքում Ռուսաստանում է եղել, այնտեղից էլ պատմեց մի երկու քաջագործություն, որը առանձնապես չֆիքսեցի։ Գումարի մեծ մասը Հասմիկի հայրն է տվել, բայց նրանք տեղյակ չեն՝ ինչի համար, Արտակի հայրն է խնդրել: Հասմիկը նույնպես տեղյակ չէ, նա խնդրեց նաև չասել Հասմիկին ոչինչ այս պատմությունների մասին։ Հետո հրավիրեց մեկ շաբաբից իր և Հասմիկի նշանադրությանը:

Այդ օրը առաջին անգամ զգացի, որ Արտակի ներկայությունը ինձ համար շատ տհաճ է դարձել, ժամերն էի հաշվում, թե երբ է գնալու, բայց հանկարծ.

- Ժամը ուշա, դե էլ չգնամ, հա՞, շատ չե՞ք նեղվի, չէ՞, որ ձեր տանը մնամ այսօր:

- Բազմոցին կքնե՞ս,- դժգոհ հարցրի ես:

- Ռուսաստաններից հետո գետնին էլ կքնեմ,- ծիծաղեց նա։

Շատ ուշ էր, ես որոշել էի վաղը առավոտից աշխատել, որպեսզի բաց չթողնեի Նարեին։

Ժամը ութին արթնացա, հագնվեցի. Կարենը գնացել էր դասի, Արտակը դեռ քնած էր, արթնացրի.

- Ես դուրս եմ գալիս աշխատանքի, դուռը կփակես, բանալին կդնես շորի տակ:

- Որտե՞ղ ես աշխատում:

- Ինտերակումբում, կհիշե՞ս, շատ ենք գնացել:

- Բա երեկ բան չասիր:

- Հա, դե՛  դու, ինչպես միշտ, ինձ հերթ չտվեցիր խոսելու,- հեգնեցի ես:

- Լավ, արթնանամ, կգամ մոտդ, կզրուցենք, բանալին էլ անձամբ կտամ քեզ։

Շտապեցի ակումբ, ճանապարհին` երթուղայինի մեջ, բացել էի դրամապանակը ու նայում էի Նարեին։ Արդեն այնքան հարազատ էր դարձել այդ նկարը, որ ինձ թվում էր, թե Նարեի ծնողներին անձամբ եմ ճանաչում, նրանք միշտ ինձ նկարի միջից ժպտում էին։

Հասա ակումբ, բացեցի համակարգիչը, Նարեն դեռ չէր էլ կարդացել հաղորդագրությունը, ամբողջ օրը սպասեցի, բայց Նարեն չեկավ, ոչ էլ պատասխանեց։ Արտակն էլ չեկավ։ Աշխատեցի էլի մինչև 23-ը, հանձնեցի հերթափոխս ու գնացի տուն, բանալին շորի տակ չէր, դուռն էլ փակ էր։ Կատաղեցի Արտակի վրա, իջա բակ, նստեցի բակի նստարանին, բացեցի դրամապանակը ...

- Դու էլի դրամապանակի հե՞տ ես շփվում,- լսեցի Կարենի ձայնը,- ինչո՞ւ  ես դրսում:

- Արտակը բանալին առել, գնացել է:

- Վահա՛գ, իմ գործը չէ, բայց դու երևի չես նկատում, որ նա քեզ օգտագործում է:

- Կա՛ր, լավ էլի, Արտակին լավ գիտես, 20 տարուց ավել է, ճանաչում եմ, մանկությանս ընկերն է:

- Ես փաստերով եմ խոսում, դու գիտես, մտածի՛ր, ինքը լավ ընկեր չէ։

Բարձրացանք տուն, թեյ խմեցինք, հարցրեց Նարեից, պատմեցի, որ նորություն չունեմ։ Արդեն պառկել էինք քնելու, դուռը բացվեց, Արտակը մտավ ներս խմած ու աղմուկով, վեր կացա տեղիցս.

- Արտա՞կ, էս ո՞ւր էիր, ամբողջ օրը սպասեցի, չեկար, բանալին էլ չէիր բերել, ոչ էլ շորի տակ էիր թողել, դուրսն էի մնացել:

- Հա՛, դուրս եկա, պետքա գայի, հետո տղերքից մեկին տեսա, տենց ամբողջ օրը մեզ խմելուն տվեցինք, չգնացի մերոնց տուն։ Էսօր էլ մնա՞մ էլի, չեք նեղվի, չէ՞, քունս տանումա, առավոտ կխոսենք ...

- Մտի՛, լողացի՛, պառկի՛  քնի, առավոտյան կխոսենք, վրայիցդ գարշահոտ է գալիս:

Առավոտյան էլի շուտ արթնացա, երեք օր է՝ դասի չէի գնում, Նարեն ավելի կարևոր էր ...

Արտակին չկարողացա արթնացնել, այնպես խորն էր քնել։ Շարժվեցի դեպի ակումբ:

Հասնելուն պես ստուգեցի, Նարեից էլի պատասխան չկար։ Այդ պահին մի միտք անցավ գլխովս, նկարը վերցրի ու սկանավորեցի, հետո տպեցի տպիչով ու պահեցի իմ դարակում, դե՛, վերջիվերջո Նարեն տանելու էր, ու ես մնալու էի առանց նկարի։

Օրվա երկրորդ կեսին ցույց տվեց, որ նա օնլայն է, սիրտս սկսեց բաբախել ...

Հաղորդագրությունը չուշացավ.

- Բարև Ձեզ, այսօր երեկոյան անպայման կմտնեմ, կվերցնեմ:

Միանգամից ցույց տվեց, որ նա դուրս եկավ ցանցից …

Նարեն. մաս 8

Պետք էր լավ նախապատրաստվել Նարեի այցին։ Զանգեցի Կարենին, նա եկավ ինձ փոխարինելու, իսկ ես գնացի վարսավիրանոց, մի լավ ինձ կարգի բերեցի, գնացի տուն ու ամբողջ պահարանը տակնուվրա անելուց հետո հագա ջինս ու պիջակ. նայելով հայելու մեջ՝ ինձ հավանեցի։ Զանգեցի Հասմիկին, ուզեցի մի քանի խորհուրդ հարցնեմ. վաղուց չէինք խոսել, պատմեցի նրան ամեն ինչ.

- Վահագ, չես պատկերացնի՝ ինչքա՜ն երջանիկ եմ քեզ համար, կարո՞ղ է մեր նշանդրեքին միասին գաք,- ծիծաղելով ասաց Հասմիկը:

- Եսի՞մ, իսկ ինչո՞ւ  չէ,- հումորի տվեցի ես:

- Լսի, Արտակը կարո՞ղ է  ձեր տանն է, պետք է գնանք շոր ընտրենք ու պարի դասի գնանք, հինգ օր է՝ եկել է, երկու ժամ եմ տեսել, անընդհատ կորչում է, վրայից ալկոհոլի հոտ եմ առնում, երևի շատ է հուզվում, չեմ ուզում նախատել, մտածում եմ՝ պատասխանատու քայլի առաջ է, կորցրել է իրեն. եթե կարող ես, խոսի՛ր հետը. քեզ լսում է, համ էլ հենց մեր տուն գաս, Նարեի նկարը կբերես՝ տեսնեմ:

- Լավ, Հասմի՛կ ջան, անպայման:

Անջատեցի հեռախոսը, շատ զայրացած էի Արտակի վրա ...

Հետո ևս մեկ անգամ ինձ նայեցի հայելու մեջ, «լողացա» Կարենի գնած նոր օծանելիքով ու արագ դուրս թռա տանից։ Ճանապարհին տարբեր սցենարներ էի մտածում՝ Նարեի հետ զրույցը սկսելու, բայց ոչ մի սցենար իմ սրտով չէր, որոշեցի, որ իմպրովիզից լավը չկա։ Հասա ակումբ.

- Վահա՛գ, Նարեն եկավ-գնաց, ուշացար,-խորամանկ ժպիտով ասաց Կարենը.

Դրամապանակը սեղանին տեսնելով՝ միանգամից հասկացա, որ հոգուս հետ է ուզում խաղալ:

- Հա ոչինչ, էլի կգա:

- Փաստորեն չստացվեց, շատ էի պարապել. ի դեպ, լավ էլ տեսք ունես, հուսով եմ օծանելիքս չես վերջացրել:

- Չէ՛,տակը մի քիչ մնացել է,- կատակեցի ես:

- Դե՛ լավ, ես դուրս գամ, քեզ չխանգարեմ, մենակ հիշի՛ր, որ ինչ անում ես, համարձակությա՛մբ արա, հանկարծ չամաչես, գիտեմ՝ դժվար է, բայց աղջիկները ամաչկոտներին չեն սիրում:

- Արա՛, դե գնա գործիդ, ա՛յ էրեխա,- կատակի տալով՝ դուրս հրեցի Կարենին ակումբից։

Հենց դռան դիմաց կանգնած էր Արտակը` գարեջրի երկու շիշ ձեռքին, պատրաստվում էր ներս մտնել.

- Վա՜յ, Կա՛ր ջան, իմանայի այստեղ ես, քեզ էլ կբերեի, սպասի՛, գնամ մի հատ էլ առնեմ:

- Չէ՛, ապե՛ր, ես դուրս եմ գալիս, համ էլ ալկոհոլ չեմ օգտագործում:

- Հա՛, ճիշտ էլ անում ես, էս դառը ջուրը ո՞ւմա պետք, էնա որ խմում ենք էլի…

Արտակը, շշերը թևի տակ պահած, Կարենին բարևեց ձեռքով, հետո՝ ինձ: Երբ նա Կարենին արդեն մեջքով էր կանգնած, նայեցի Կարենի աչքերին, նա հայացքով հասկացրեց, որ պետք է մի կերպ Արտակից ազատվել, ես գլխով դրական նշան արեցի։ Կարենը հեռացավ, մենք մտանք ներս.

- Արտա՛կ, ես քիչ հետո դուրս եմ գալու, սպասում եմ՝ աշխատողը գա, հերթափոխս ավարտվում է:

- Շատ լավա, դե միասին կգնանք, մի քիչ քայլենք, հետո ինձ կճանապարհես ծնողներիս տուն, գնամ նախապատրաստվեմ նշանդրեքի, չգիտեմ էլ` ինչ ենք անելու, ոչ մի բանի չեմ մասնակցում, հավես էլ չունեմ, էդ ի՞նչ էր հորինեցին է, համ էլ Նարեի մասին կպատմես, էդ  ի՞նչ դրամապանակի պատմություն է։

Փաստորեն տեղյակ է, երևի Հասմիկն է պատմել, պետք էր զգուշացնել, որ չպատմեր, մի խոսքով, Արտակից պրծում չկա:

- Նարեի մասին որտեղի՞ց գիտես:

- Հավքերը պատմեցին, էլ հետս չես կիսվում, հա՞, լավա-լավ ... ընկերներին շուտ ես մոռանում, Վահա՛գ,- քմծիծաղ տվեց նա:

- Արտա՛կ, արի՛ ներս, ուզում եմ հետդ լուրջ խոսել, քանի հաճախորդ չունենք:

- Ինչի՞ մասին, Նարեի՞, թե՞ Հասմիկի, շատ ընտիրա չէ՞, Հասմիկը գիտի, իսկ ես՝ չէ ...

- Իսկ քեզ դա երբևէ հետաքրքրե՞լ է, լսի՛, Արտա՛կ, ես քեզ մանկուց ճանաչում եմ, արդեն 20 տարուց ավել կլինի, դու միշտ էլ էգոիստ էիր, կռվարար, տաքարյուն, բայց մարդ էիր, ընկեր էիր, հասնող էիր նեղ պահին, խելացի էիր, սովորող, ծնողներիդ հպարտությունն էիր ամեն առումով, քեզ միշտ նախանձում էի թե՛ դպրոցում, թե՛ սպորտում ու թե՛ մարդկանց հետ շփվելու քո ընդունակությամբ, նախանձելը կոպիտ է ասած, հպարտանում էի, որ իմ ընկերն ես, շատ բաներով ուզում էի քեզ նմանվել։ Իսկ հիմա՞, նայի՛ր քեզ հայելու մեջ, ի՞նչ է կատարվում հետդ, սիրտս ցավում է քեզ համար, ախր մեկ քառորդ կյանքից ավել ապրել ենք իրար հետ, ինչերի՜  միջով ենք անցել... Կհավատա՞ս՝ Հասմիկը չլինի, էլ հետդ ընդհանրապես չեմ շփվի։ Անպատասխանատու, ստախոս, ինքնահավանի մեկն ես դարձել.  քեզ դո՞ւր է գալիս այս վիճակը ..

- Դե էտա էլի, նախանձել ես, կպելա նախանձդ,- ծիծաղեց նա,- ասի՛ր վերջացրի՞ր, էլ բան կա՞ ասելու:

- Շատ բան կա ասելու, Արտա՛կ, բայց իմաստ չեմ տեսնում, լսի՛, կարո՞ղ է մի բան գլխիդ տամ, հնարավոր է՝ ուշքի՞ գաս,- մի քիչ փորձեցի մեղմել իրավիճակը, քանի որ զգացի` կոպիտ խոսեցի:

- Ասում եմ՝ վերջացրի՞ր, Վահա՛գ,- հանգիստ տոնով խոսեց Արտակը:

- Հա՛, վերջացրի:

- Դե էս պիվեն խմի, կանցնի, շատ մի՛ հուզվի, եթե ձեր տանը քնելու համար ես ասում, էլ չեմ գա, մի՛ նեղվի:

- Լսի՛, դու իրո՞ք չես հասկանում՝ ինչ է կատարվում, քո կարծիքով՝ ես նեղվել եմ, որ իմ ընկերն իմ տա՞նն է մնացել, ամոթ չե՞ս անում ... դու հո լա՞վ գիտես, որ հետևիցդ դժոխք էլ լինի, եկել եմ, լսի՛ր, Արտա՛կ, Հասմիկի պես աղջիկը քո կինը պետք է դառնա, ընտանիք ես կազմելու, երեխաներ ունենաս, ի՞նչ է լինելու վերջդ, համալսարանից դուրս մնացիր, մարդասպանի հոդվածը վրադ, ու ոչինչ չես անում ուղղվելու համար, սուտի գողական ես սկսել խաղալ, բայց չգիտես՝ դա ինչ է, ու ինչ է լինում դրա հետևանքով, ընկերներիդ տեսե՞լ ես, ու՞մ հետ ես շփվում, նախկին շրջապատիցդ միայն ես եմ մնացել: Հասմիկի հայրը հարուստ է, հարցերդ լուծել է, որովհետև իր ընկերոջ որդին ես ու աղջկա ապագա ամուսինը, բայց սաղ կյանքդ դա երեսով են տալու, եթե իմանան՝ ինչի համար էր այդ գումարը պետք, գոնե ուղղվի, մա՛րդ դարձիր, խա՛չ քաշիր էդ կյանքիդ վրա, որ մարդկանց լեզուները չերկարի, ու ապագա ունենաս:

- Լսի՛ր, Վահա՛գ, մի բան ասեմ, իսկ կարո՞ղ է Հասմիկի նկատմամբ անտարբեր չես, որ այստեղ չեմ եղել, ասում է, շատ եք շփվել իրար հետ ... մեջս կասկած ընկավ …

Այս խոսքերից հետո Արտակը այնպիսի մի ապտակ ստացավ, որ աթոռի, գարեջրի շշի հետ միասին փռվեց գետնին։ Վեր կացավ, թափ տվեց շորերը.շիշը գլորվեց իմ ոտքերի տակ, ու գարեջուրը թափվեց ….

- Վահա՛գ, դու սա չես մարսի, լուրջ եմ ասում:

- Սպանելո՞ւ  ես, Արտա՛կ, դու նույնիսկ սրբություն չունես, հեռացի՛ր, էլ աչքիս չերևաս, իմացի՛ր, որ էլ ընկեր չունես .. թքե՛մ քո երեսին:

Նա դուռը շխկացրեց ու գնաց .. Զայրույթից վերցրի գարեջրի շիշը և շպրտեցի դռան կողմը՝ նրա հետևից. այն դիպավ դռանը ու ջարդեց ապակին:

Այնքան էի զայրացած՝ արդեն Նարեն էլ աչքիս չէր երևում: Դուրս եկա, որ տեսնեմ՝ ինչ է եղել դռանը։ Զարմանքից քարացա. մուտքից քիչ հեռու նկատեցի Նարեին, նա, Արտակի հետ կանգնած, մտերմիկ զրուցում էր: Արտակը այնպիսի տրամադրություն ուներ, ասես ոչինչ էլ չէր եղել։

Բայց մի՞թե նրանք այդքան մոտ էին, այս ի՞նչ էր կատարվում։ Մի՞թե Արտակը Նարեիի հետ այսպես մտերիմ էր, ու ինչո՞ւ  ես դրա մասին ոչինչ չգիտեի։

Կուզեի` Արտակը ինձ պատասխան ապտակը հասցներ, քան տեսնեի այս պատկերը։ Չցանկանալով ամեն ինչ բարդացնել՝ հավաքեցի ապակու կտորները ու մտա ակումբ՝ համոզված լինելով, որ Նարեն կմտնի ներս դրամապանակի հետևից, սպասեցի 10-15 րոպե, բայց Նարեն չկար։ Չդիմացա, դուրս եկա ակումբից, նրանց հետքն էլ չէր երևում։ Վերադարձա, նստել  ու մտածում էի, բայց չէի կարողանում ընկալել: «Ի՞նչ էր կատարվում, ինչո՞ւ չեկավ դրամապանակի հետևից»:

Վերջին շրջանում ինձ մոտ սովորություն էր դարձել Նարեի նկարին նայելը, մտածեցի, որ նկարը կարող է զայրույթս մեղմել, ուզում էի վերցնել դրամապանակը սեղանի վրայից, բայց նկատեցի, որ այն չկա։ Լավ էի հիշում, որ առավոտյան դրել էի սեղանին, հետո Կարենի հումորից հետո էի նկատել և նույնիսկ Արտակի հետ մտնելիս ֆիքսել էի. այն սեղանին էր: Իսկ եթե հանկարծ Նարեն գա՞, ի՞նչ եմ պատասխանելու, խայտառակ կլինեմ ... Հիշեցի տեսախցիկների մասին, բացեցի տեսանյութը, տեսանյութում Արտակի հետ ներս մտնելիս դրամապանակը սեղանին էր, էլ ոչ ոք սրահ չէր մտել՝ միայն ես և Արտակը։ Չէի ուզում հավատալ աչքերիս, երբ տեսա, թե ինչպես է մեր խոսակցության ընթացքում դրամապանակը արագորեն թռցնում սեղանի վրայից ու դնում գրպանը։

- Արտա՜ա՜ա՜կ,- կատաղած գոռացի ես:

Զանգեցի Հասմիկին:

- Արտակը եկա՞վ ,Հա՛ս ջան:

- Հաա, լսի՛, այնքան էի ուրախացել, որ Նարեին գտել ես, որ ամբողջությամբ պատմեցի Արտակին պատմությունը, հետո պետք է դուրս գայինք, նա համակարգչի մոտ էր, ինչ-որ մեկի հետ էր խոսում զայրացած, հետո բղավեց, որ կարևոր գործ ունի ու դուրս եկավ, չհասցրի էլ հարցնել, թե ո՛ւր է գնում:

Մտքիս մեջ մեղադրում էի Հասմիկին, սակայն հասկանում էի, որ ուրախությունից է կիսվել, ոչ թե վատություն անելու համար:

- Հա՛, եկավ ինձ մոտ, մի քիչ նախատեցի, վիճեցինք, նեղացավ, գնաց, ոչինչ չուզեց հասկանալ։ Հավանաբար քիչ հետո կգա քեզ մոտ։ Հասմի՛կ, կներես, բայց ես չեմ գա ձեր նշանադրության արարողությանը, այդ օրը շատ կարևոր գործ ունեմ:

- Լավ էլի, Վահա՛գ, Արտակի պատճառո՞վ, ախր քո ամենամոտ ընկերն է, էլ ընկերներ չունի, բոլորը ձեռ են քաշել, ախր դու ինձ եղբոր պես ես, որ չգաս, շատ տխուր կանցնի:

- Կներես, իրոք, չեմ կարա, դու էլ լա՛վ մտածիր այդ քայլը անելուց առաջ, չեմ ուզում` սխալվես:

- Լավ, Վահա՛գ ջան, հետո կզրուցենք, հայրիկը եկավ, պետք է պատրաստություն տեսնենք:

- Լա՛վ մնա, Հա՛ս ջան:

Այնպես ասացի այդ « լավ մնան», որ կարծես ինձ մեղավոր էի զգում, չգիտես ի՞նչ կխոսեր Արտակը Հասմիկի հետ մեր խոսակցությունից հետո։ Հասմիկին Նարեի մասին իհարկե էլ ոչինչ չասացի։

Գլուխս վերցրած ափերիս մեջ՝ մտածում էի, թե ինչ եմ պատասխան տալու, երբ Նարեն գա, որոշեցի գրել ու ասել իրական պատմությունը։ Բացեցի ծրագիրը և սկսեցի շարադրել, գրում, ջնջում էի, ու ստացվեց մոտավոր այսպես.

« Բարև՛, Նարե՛ ջան, մի վատ բան պետք է ասեմ Ձեզ. իմ անփութության պատճառով դրամապանակը գողացել են ակումբից, բայց տեսախցիկներ կան, խոստանում եմ անպայման գտնել այն, կներեք…»:

Նարեն ցանցում չէր, կարևորը` զգուշացրի, ու անակնկալի չի գա, եթե կարդացած լինի մինչև գալը։ Հոգումս ու մտքումս քաոս էր տիրում, ու՞ր գնացին Նարեն ու Արտակը, իրար հե՞տ գնացին.. Որտե՞ղ էր իմ սխալը, ի՞նչ էի բաց թողել ..

Այդպես օրը անցավ, երեկոն անցավ, հերթով մտնում դուրս էին գալիս հաճախորդները, ոչ ոքի չէի նկատում ֆիզիկապես, ուղղակի գումարը ստանում էի ու էլի ընկնում մտորումների մեջ։ Արդեն մոտենում էր հերթափոխս հանձնելու ժամը։ Ներս մտավ Կարենը և ուրախ-ուրախ նստեց դիմացս.

- Դե՛, պատմի՛ր տեսնեմ:

- էէ՜, ապե՛ր, ի՞նչ պատմեմ ..

- Պատմի՛ր, տեսնեմ, ի՞նչ խոսեցիք, ի՞նչ արեցիր, չզանգեցիր, ինձ թվում էր՝ կզանգես, կասես՝ արի՛, անցած անգամվա պես պատրաստվել էի: Պատմեցի Կարենին, թե ինչ էր տեղի ունեցել նրա գնալուց հետո ...

- Վահա՛գ, էդ տղեն ինչ-որ խաղ է խաղում, եթե լավ մտածես, կհասկանաս, որ նա միշտ քեզ հեռու է պահել Նարեից, քո պատմածով եմ ասում, վե՛ր կաց լավ, վե՛ր կաց, գնանք մի բան ուտենք, սոված կլինես։

- Բա որ գա՞

- Չի գա, ելի՛ր

- Սպասի՛ր, նայեմ՝ մտե՞լ է ICQ

Չէր մտել ..

Հանձնեցի հերթափոխս ու դուրս եկանք ..

Անցավ մի քանի օր, Նարեից այդպես էլ պատասխան չէր եկել։

Հասմիկենց տան հեռախոսը չէր պատասխանում, երևի արդեն գնացել էին Արթիկ, մոտենում էր նշանադրության օրը։

Ամեն օր գալիս էի ակումբ, ստուգում, թե արդյոք նա մտել է ցանց, բայց չկար, սպասում էի, որ ներս կմտնի ու կասի ...

- Ազատ համակարգիչ ունե՞ք ...

Արտակն էլ չկար, մի քանի անգամ զանգեցի ծնողների տուն, ասացին, որ Երևանում է, դեռ չի եկել: Դրամապանակի համար ուզում էի խոսել ...

Մի քանի օր էլ անցավ, ընկերներիցս տեղեկացա, որ նշանադրությունը տեղի էր ունեցել:

Անցավ մոտ մեկ ամիս, ամեն ինչ միևնույնն էր դարձել ինձ համար ... Նարեն չկար, ամեն ինչ նորից դատարկվել էր, այնքան դատարկ էր, որ նույնիսկ Արտակի կարիքն էի զգում՝ թմրամոլի պես ... Կարենի հետ էլ գրեթե չէի խոսում, մի քանի փորձից հետո նա երևի հասկացել էր, որ ապարդյուն է ինձ ինչ-որ բան համոզելը, ավելի լավ է՝ ես ինքս հասկանամ ամեն ինչ։

Մոտ 40 օր համալսարանում չէի եղել, գնացի ու ստացա գույժը. բացակայությունների համար իմ հեռացման հարցը դրել էին քննարկման։

Մի քանի օրից տեղեկացրին, որ հեռացրել են, ու բանակ պետք է գնամ դեկտեմբերի վերջին: Անկեղծ ասեմ՝ այդպես էլ ուզում էի։ Տեղեկացրի ծնողներիս, հայրս ու մայրս շատ էին զարմացել ու զայրացել, որոշել էին ծանոթով կամ գումարով վերականգնել, բայց ես չուզեցի։ «Ոչինչ, կգնամ, կծառայեմ, հետո կշարունակեմ»։ Վերջապես բոլորը համակերպվեցին այդ մտքի հետ, քանի որ ես երբեք սխալներ չէի անում ... (այդպես էր հարազատներիս կարծիքն իմ մասին)։

Բանակ գնալուս մնացել էր մոտ տասը օր, երբ բացեցի համակարգիչը ու տեսա՝ Նարեն պատասխանել է ու ցանցում է:

- Ոչինչ, ամեն ինչ կարգին է, մի՛ անհանգստացեք։

Ճիշտն ասած, այդպես էլ չհասկացա, թե ինչո՛ւ է նա այդպես հանգիստ գրել։

Որոշեցի պատասխանել:

- Ինչու՞ չեք այցելում մեր ակումբ, լավ ակցիաներ ունենք:

Պատասխանեց.

- Ճիշտն ասած, մեր տանից հեռու է, ընկերուհուս տուն գնալիս է հարմար, հնարավոր է մոտ օրերս մտնեմ, իսկ ինչպե՞ս էիք իմացել իմ ICQ-ի համարը 📷 :)

- Դե՛, համակարգչի հիշողության մեջ մնում է,- ստեցի ես:

- Պարզ է:

- Իսկ դուք մի՞շտ եք մոռանում Ձեր իրերը տեղ գնալիս  

- Անկեղծ ասած, շատ ցրված եմ, շատ է պատահում:

- Մեկ հոգի պետք է, որ հետևի Ձեզ փաստորեն:

-  :))))

Չգիտեի ինչպես շարունակել խոսակցությունը ... Ասե՞լ՝ ես ով եմ .. թե՞ ուղղակի խոսել, չէ՛ ավելի լավ է չասեմ, քանի որ կարող է ծնողներին հիշել, ավելի լավ է ուրիշ ուղղությամբ շարունակել զրույցը։

- Երաժշտություն սիրու՞մ եք

- Իսկ կա՞ որևէ մեկը, որ չի սիրում:

- Հա, ես ճանաչում եմ մի հոգու, Աֆրիկայում է ապրում  ;),- կատակեցի ես։

- Աա՜:)))

- Հատկապես ի՞նչ եք լսում:

- Ամեն ինչ, բացի ռաբիս երաժշտությունից:

- Իսկ դասակա՞ն:

- Նույնիսկ դասական:

Ախր գոնե մի հարց էլ ինքը տա ...

- Գիտե՞ք, որ Նարեն իմ ամենասիրած անունն է:

- Իրո՞ք, ես փոքր ժամանակ չէի սիրում իմ անունը, բայց հիմա շատ եմ սիրում, իսկ Ձեր անու՞նը:

- Վահագն, կամ Վահագ :

- Կրակի աստծո անունով, ավելի լավ է՝ Վահագն :

- Ոնց կուզեք, իսկ Երևանի ո՞ր հատվածում եք ապրում:

- Ուզում եք հյո՞ւր գալ :

- Եթե հրավիրեք, չէի հրաժարվի:

- Չէ՛, չեմ հրավիրի:

- Իսկ ես արդեն ծաղիկներ էի պատվիրել:

- Հետաքրքիր է, ի՞նչ ծաղիկներ:

- Վարդեր, կարմիր վարդեր:

- Ես հաստատ կհավանեի:

- Նկատի կունենամ, բայց չասացիք՝ որտե՛ղ եք բնակվում:

- Մասիվում, 6-րդ մասիվ:

- Փաստորեն մեզ վերևներից եք նայում:

- Ձեր հումորի զգացումը  տեղն է:

- Դե հումորի քաղաքից հեռու չեմ:

- Որտեղի՞ց եք:

- Արթիկից:

Մոտ 10 րոպե չէր պատասխանում:

- Նարե՞…

- Կներեք, պետք է դուրս գամ:

 

Նարեն. 9-րդ մաս

Ցույց տվեց, որ ցանցից անջատվեց: Միգուցե պետք չէ՞ր ասել Արթիկի մասին:

Նրա դուրս գալուց հետո ես էլ բան չգրեցի: Հոգիս ամբողջությամբ տակնուվրա էր եղել, մի քանի օր հետո գնում էի բանակ։ Սրտիս խորքում սերը ավելի էր բորբոքվել Նարեի` ինձ պատասխանելուց հետո։ Ցակությունս մեծ էր նրան խոստովանել, որ արդեն մոտ երեք տարի է՝ սիրում եմ իրեն, բայց չէի էլ ուզում մերժվել, համ էլ գլխիս միջից դուրս չէր գալիս Արտակը. ո՞վ էր նա Նարեի համար:

Քանի որ էլ չէի կարող դիմանալ, արեցի իմ սկզբունքներին հակասող ամենավատ քայլերից մեկը։ Մեծ դժվարություն չպահանջեց ինձանից տասնհինգից  քսան րոպեում իմանալ Նարեի ICQ-ի ծածկագիրը տեղադրված տեսախցիկի միջոցով, ընդամենը պետք էր մի քանի անգամ դանդաղեցնել ու պարզ էր դառնում։

Արդյունքը ինձ շշմեցրեց ... Հուզմունքը ու զայրույթը խեղդում էին կոկորդս ... «ArTaKiM». սա էր նրա գաղտնաբառը, նույնիսկ այսքանը ինձ համար բավարար չեղավ, որպեսզի ընդունեի, որ Արտակի ու Նարեի մեջ ինչ-որ բան կա։ Երբեք ինձ չեմ ների նման նվաստ քայլի համար, բայց ես դա արեցի, բացեցի նրա պռոֆիլը ու վերջին հաղորդագրությունը, որը նա գրել էր «MonteCarlo» մականվամբ օգտատերին։ Այն օրը նա հենց նրա հետ էլ խոսում էր: Հաղորդագրություններն այս բովանդակությամբ էին.

- Բարև՛, կյանքս:

- Ի՜նչ լավ է՝ մտար:

- Ռուսաստանում եմ, բիզնեսին եմ տիրություն անում, շուտով կգամ, որտե՞ղ ես:

- Ակումբում:

- Տենց տեղեր քիչ գնա:

- Բա ո՞նց խոսեմ հետդ:

- Խանդում եմ:

- Առիթ ունես, աշխատողը այնպես է նայում ինձ, ոնց որ սիրահարվել է

- Ուզում ես՝ մարդասպանությո՞ւն լինի:

- Չէ՛, կյանքս, ես միայն քեզ եմ սիրում, լսի՛, բայց իր դեմքը ու ժեստերը, այնպես ծանոթ ու հարազատ են:

- Դո՛ւրս արի, թե չէ կգամ, երկուսիդ էլ կթաղեմ:

- Լա՛վ, կյա՛նքս:

Դրանից մոտ տասը օր հետո սա էր …

- Լսի՛, էլ էդ կլուբը չմտնես:

- Ինչո՞ւ:

- Այդպես է պետք:

- Հա՛, բայց ինչո՞ւ:

- Շատ ես երկարեցնում:

- Արտա՛կ, դրամապանակս այնտեղ եմ մոռացել, պետք է գնամ, վերցնեմ:

- Ես կվերցնեմ:

- Լավ …

Վերջում ամբողջությամբ Նարեն էր գրել.

- Ու՞ր ես կորել:

- Քանի օր է՝ չես զանգում:

- Ինչո՞ւ չես պատասխանում:

- Ախր օնլայն ես, Արտա՛կ, գրի՛ր:

- Ասա՛, որ էլ չես ուզում` շփվենք,

- Գոնե մի անգամ զանգի՛ր, խնդրում եմ, մի բան ասա...

Փակեցի ծրագիրը. մի քանի րոպե գլխիս մեջ տարբերակներ էին պտտվում, թե ինչպես Արտակին սպանեմ ... Փաստորեն Արտակը երկու խաղ է խաղում: Ձեռքիս տակ ընկած առաջին իրը այն վարդի հուշանվերն էր. շպրտեցի ինչքան ուժ ունեի...Ապակիները փշուր-փշուր եղան գետնին իմ սրտի նման ...: Հաճախորդները զարմացած նայում էին իմ կողմը: Այլևս ոչինչ ինձ չէր հետաքրքում՝ բացի Նարեին՝ Արտակի ձեռքերից փրկելուց։ Ակումբի բանալիները գցեցի սեղանին, դարակից վերցրի Նարեի նկարը, դրեցի գրպանս ու զանգեցի ակումբի տնօրենին.

- Կներեք, Վահագն է, ես էլ չեմ գա աշխատանքի:

- Վահա՛գ, ի՞նչ է եղել, այդ ի՞նչ ձայնով ես խոսում, ամեն ինչ կարգի՞ն է:

- Ուրիշ աշխատող գտեք, կներեք, հաջողություն։

Դուրս եկա ակումբից. գնացի մոտակա այգին, նստեցի մի կիսախարխուլ նստարանի: Անկարողությունից չգիտեի ինչ անել: Սիրելի էակի հետ կապված բոլոր հույսերը հօդս ցնդեցին. թվում էր՝ ընկեր ունեի, բայց թշնամուց էլ վատը դուրս եկավ ...

Երկու սիրելի մարդու ճակատագրեր իմ ձեռքերում էին` Նարեի ու Հասմիկի ... Գլխումս քաոս էր տիրում, դաժան ու վատ մտքեր էին ծնվում, որոնք իրագործելու համար պատրաստ էի ամեն ինչի. միայն նրանց Արտակից ազատեմ։

«Իսկ միգուցե սա այդ Արտակը չէ՞ ... չէ՛, հաստատ նա չէ, դժվար նա այդքան ստոր գտնվեր, հը՞ ... Չէ՛, բա էլ ո՞վ է, նշանդրեքի հետ կապված՝ խառն է, չի ուզում բացահայտվել ... Կորել է, Ռուսատանը, դրամապանա՞կը ..., Հաստատ ինքն է։ Վերջապես համոզվեցի, որ Կարենը ճիշտ էր …

Մեջս անհագ ցանկություն կար ինչ-որ մի բան ջարդելու, զայրույթս ինչ-որ մեկի վրա թափելու ...»:

Նստարանին նստած՝ մտածում էի, բռունցքով խփում կողքի ծառին, ձեռքս արյունլվա էր եղել, բայց ցավ չէի էլ զգում. հոգուս ցավը շատ անգամ ուժեղ էր։ Կուզենայի այդ պահին լաց լինել, հանգստանալ, բայց ինձ համար արտասվելը ամեն ինչից դժվար է ու անհնարին:

Երկար մտածելուց հետո գտա լուծումը: Նման պահի մարդիկ երևի սթափ չեն դատում, բայց ինձ թվաց, թե կայացնում եմ ամենաադեկվատ որոշումը։

Դրսի ավտոմատից զանգեցի ուսանողական ընկերոջս` Տիգրանին, մոտ էր ապրում։ Մեր հարաբերությունները այնքան էլ լավ չէին այն կռվից ու այն տղային Արտակի սպանելուց հետո (մահացած երիտասարդը նրա բարեկամն էր):

- Տի՛կ, Վահագն է, կիջնե՞ս ներքև, մի 2 բան կա խոսելու:

- Ի՞նչ հարց է:

- Իջի, կզրուցենք։

Բավական երկար սպասեցի բակում, նա իջավ շատ անտարբեր հայացքով.

- Բարև՛:

- Տի՛կ, թարգի՛, ախր դու էլ լավ գիտես, որ ես կապ չունեմ, փոխի դեմքիդ արտահայտությունը:

- Կապ ունես նրանով, որ այդ օրը չթողեցիր սատկացնեինք էդ անասունին, նրանց ընտանիքի միակ զավակը չկա, ու ամենը ինչի՞ համար, որ ընկերուհուն սիրո խոստովանություն էր արել, սիրում էր տղան, հանցագործությո՞ւն է մեկին սիրելը ...

- Չգիտեմ, ապե՛ր, Արտակն իմ ընկերն է, ես այդ պահին այլ տարբերակ չունեի, իսկ հետագան արդեն ինքն է որոշել, եթե չես ուզում լսել, կարող ես բարձրանալ տուն, խնդիր չկա, կհասկանամ:

- Ասա՛, տեսնեմ՝ ի՞նչ հարց է:

- Ուզում եմ՝ Արտակը նստի, կարո՞ղ ես համոզել քո բարեկամին, որ բողոքը հանձնեն ոստիկանություն, նա չպետք է ազատ ման գա, քանի որ պոտենցիալ հանցագործ է ու իր ազատությամբ դեռ շատ ճակատագրեր է խեղելու:

- Վահաաագ, դու ուզում ես՝ Արտակը նստի՞, չեմ հավատում, որ դու ես դիմացս, ինչի՞դ է պետք, կասե՞ս. որքան հասկացա այն օրը, պատրաստ էիր կյանքդ էլ տալ նրա համար:

- Պետք է, Տիգրա՛ն, արա՛, եթե կարող ես:

- Լավ, կփորձեմ խոսել։ Իսկ դու պատրա՞ստ ես վկայություն տալու նրա դեմ:

- Եթե այլ տարբերակ չի մնում, այո՛, ես թաքցնելու բան չունեմ, շատ թանկ գին կվճարեմ, եթե դա չանենք:

Տիգրանից բաժանվեցինք, ինքս իմ մեջ կռիվ էի տալիս, թե արդյոք ճիշտ արեցի, ախր Հասմիկի երեսին էլ երբեք չեմ կարող նայել, իսկ Նարեն կատի ինձ ամբողջ կյանքում։ Ոչինչ, կարևորը այստեղ ես չեմ, ինչ լինում է, թող լինի, գոնե նրանք կազատվեն Արտակից։

Չանցած մի քանի օր՝ ինձ հրավիրեցին ոստիկանություն` ցուցմունք տալու, ես պատմեցի ամբողջ եղելությունը։ Արտակին մի քանի օրից ձերբակալեցին, իսկ ես գնացի բանակ։ Գրեթե ոչ ոք չգիտեր, որ Արտակի ձերբակալութան մեղավորը ես էի, յուրաքանչյուր օր սպասում էի, թե երբ են դատարանից ծանուցում ուղարկելու` որպես վկա հանդես գալու համար։

Արդեն փոշմանել էի արածիս համար, բայց ամեն ինչ շատ ուշ էր։ Անցել էր մոտ երկու ամիս, երբ իմացա, որ Արտակին բաց էին թողել հավանաբար էլի գումարով։ Նա բանակ չգնաց, վերականգնել էին նրա ուսման հնարավորությունը: Անկեղծ ասեմ՝ մի պահ ուրախացա, հետո հիշեցի Հասմիկին ու Նարեին: Իմ ձեռքում էլ ոչինչ չկար, ցավոք, գոնե փորձեցի ինչ-որ բան անել:

Երկու տարին թռավ, ինչպես երկու ամիս: Այդ տարիների ընթացքում շատ քիչ օրեր կհիշեմ, երբ դեմքիս ժպիտ էր լինում։ Մտախոհ պահերին ինձ օգնության էր գալիս Նարեի նկարը, այն քնքուշ ու անմեղ աղջնակի, որը ուղղակի ինձ խելքահան արեց։ Իմ Նարեն …

Երբեմն Հասմիկից էի նամակներ ստանում ու առանց կարդալու պատռում էի, վախենում էի մեջի պարունակությունից, քանի որ ինձ չէի կարողանում ներել արածիս համար։

Վերջին տարին արդեն դարձել էի անզգացմունք ու աշխարհի դեմ չարացած մեկը։

Ծառայությունը վերջացրի և վերադարձա տուն: Գնացի իմ այգին, իսկ այգին չկար, չկար նստարանը, ու չկային ծառերը: Ամբողջությամբ տարածքը քանդած էր, ու տեղում շինարարություն էր ընթանում: Ամեն ինչ ջնջվել էր իմ անցյալի նման: Միակ հուշը մնացել էր Նարեի նկարը, որը այնքան էր մաշվել, որ դեմքերը հազիվ էին նշմարվում: Իրոք, գրեթե մոռացել էի ամեն ինչ՝ թե՛ Նարեին, թե՛ Հասմիկին, թե՛ Արտակին։ Ավելի շուտ ամեն ինչ քարացել էր հոգուս մեջ ու սրտումս, զգացմունքներս մղվել էին վերջին պլան։

Հուլիս ամիսն էր, ընդունվեցի աշխատանքի։ Արդեն մոտ տասը օր աշխատում էի, թղթերս նորից հանձնեցի համալսարան, սեպտեմբերից շարունակելու էի ուսումս, կարճ ասած՝ մտել էի նոր կյանքի ռիթմի մեջ։

Աշխատանքից տուն վերադարձա ու դուռը բացելուն պես հնչեց հեռախոսազանգ.

- Բարև՛, Վահա՛գ ջան:

- Բարև՞…

- Հասմիկն է, վերադարձել ես ու չես էլ զանգում. այնքան նամակներ եմ գրել քեզ, երբեք պատասխան չստացա, ի՞նչ է պատահել, ես քեզ ի՞նչ եմ արել:

- Հասմի՛կ ջան, ավելի լավ է՝ մենք էլ չշփվենք:

- Վահա՛գ, ի՞նչ ես խոսում:

- Բաներ կա, որ դու չգիտես ու չպետք է իմանաս:

- Արտակի հե՞տ է կապված:

- Չէ՛, իմ ...

- Լավ էլի, Վահա՛գ, մի բան եմ խնդրում, 10 օրից մեր հարսանիքն է, կգա՞ս, շատ բան չեմ ուզում, մեկ երգ իմ ու Արտակի համար, եթե նույնիսկ նեղացել ես, գոնե անցյալի համար մի՛ մերժիր ...

- Կմտածեմ, լա՞վ

- Արի այսօր հադիպում կազմակերպեմ, Արտակի հետ կզրուցեք. ի դեպ, ձեր վերջին խոսակցությունից հետո շատ փոխվեց, շնորհակալ եմ քեզ։

Հասմիկի հետ խոսելիս հասկացա, որ ոչինչ չգիտի՝ ո՛չ սպանված տղայի, ո՛չ ձերբակալության, ո՛չ էլ իմ արած սրիկայության մասին, իսկ Նարեի մասին՝ առավել ևս:

- Չէ՛ էլի, Հա՛ս ջան,Արտակը եթե ուզեր, մի օր գոնե կփորձեր հետս խոսել:

- Բջջային համար ունե՞ս:

- Այո՛:

- Կասե՞ս:

- 093485341:

- Ես քեզ կզանգեմ:

Չէր անցել մի ժամ՝ հեռախոսիս զանգ եկավ:

- Դուռը կբացե՞ս, Վահա՛գ:

Դուռը թակեցին, բացեցի. Արտակն ու Հասմիկն էին։ Արտակը այնպես փաթաթվեց, ասես ոչինչ չէր եղել:

- Վահա՛գ, կներես էն վերջին դեպքի համար:

- Ո՞ր մի, Արտա՛կ, համեցեք ներս:

Հասմիկն էլ մոտեցավ, փաթաթվեց:

- Վահա՛գ, դու իմ եղբա՛յրն ես, միշտ ասել եմ, ու դա այդպես էլ կա:

- Ուրախ եմ, Հա՛ս ջան, գիտե՞ս՝ դա փոխադարձ է, նստե՛ք, սուրճ կխմե՞ք:

- Ծո՛,գարեջուր չունի՞ս,- իր հեգնական տոնով ասաց Արտակը:

- Չէ՛, չունեմ:

- Կատակ եմ անում, սուրճը դի՛ր:

Երկար զրուցեցինք, Արտակը այնպես էր պահում իրեն, ասես ոչինչ չէր եղել, հարցրեց ծառայությունից, տանեցիներից, սիրած աղջիկ ունե՞մ, թե՞ չէ, վերջում էլ համոզեցին, որ հարսանիքի ազաբը լինեմ ու երգեմ իրենց համար։

Անկեղծ ասած՝ մեղավորության զգացումը թույլ չտվեց մերժել, ինչքան էլ որ չէի ուզում։ Համաձայնեցի, բայց ներքուստ ինչ-որ վատ կանխազգացում ունեի ...

Մոտեցավ հարսանիքի օրը, վերցրի նոր գնած կիթառս ու գնացի։ Ամաչում էի մի քիչ. չգիտես ինչու, համոզված էի, որ բոլորը գիտեն, որ Արտակին ցանկացել էի նստեցնել։

Բոլորը շատ ջերմ ընդունեցին՝ թե՛ Արտակի հարազատները, թե՛ Հասմիկի, շատ ընկերների տեսա, որոնց հետ տարիներով չէի շփվել։ Խոսում էի հին ընկերներից մեկի հետ, երբ հայացքս հանդիպեց Նարեին, նա ինձ չնկատեց։

Երկար կարմիր զգեստով ... Այնքան գեղեցիկ էր, որ անհնար էր չնկատել նրան, պարուհու սլացիկ կազմվածքով, երկար մազերով, որոնք քայլելիս ալիքաձև շարժվում էին, արհեստականորեն դանդաղեցնելով նրա շարժումները։ Բոլորի ուշադրության կենտրոնում էր, նույնիսկ սրահում գտնվող կանանց, որոնք հիացած ու նախանձով էին նայում Նարեին ...

Ախր Նարեն ի՞նչ գործ ունի, Արտակի ու Հասմիկի հարսանիքին.. Էլի սիրտս սկսեց բաբախել ... Էլի սիրահարվեցի ու շունչս սկսեց կտրվել. «Նարե՛, ախր ինչքա՞ն կարելի է ինձ տանջե՞լ»: Թողեցի ընկերոջս ու շտապեցի Հասմիկի մոտ, նա այնքան երջանիկ էր զգում իրեն.

- Հա՞ս, լա՞վ ես

- Հա, Վահա՛գ ջան, դու՞

- Ես, չգիտեմ, հլը նայի այն կողմ, այն աղջիկը ո՞վ է:

- Նարե՞ն, շատ լավ աղջիկ է, արի՛ ծանոթացնեմ,- ձեռքիցս քաշելով՝ շտապեց Հասմիկը:

- Սպասի՛ր,- դիմադրեցի ես,- քո ի՞նչն է:

- Արտակի աշխատանքային կոլեկտիվից է, պարուհի է, շատ մոտ ենք,- էլի ձեռքս քաշելով՝ առաջ էր գնում:

- Սպասի՛ր, Հասմի՛կ, ախր սա իմ Նարեն է:

- Վահաաա՞գ, լո՞ւրջ ես ասում:

- Հա՛, Հա՛ս…

- Այ որ նկարը բերեիր, մի օր տեսնեի ... Արի՛, արի՛,-Հասմիկը բարձր ձայնով կանչեց,- Նարե՜ե՜ե՜

Նարեն պտտվեց ու սկսեց մեզ մոտենալ:

- Հասմի՛կ, լավ էլի, մի՛ արա, չեմ ուզում,- հուզմունքից քիչ էր մնում՝ ուշաթափվեի

- Այսքան տարի սպասել ես, այսօր էլ հենց կծանոթանաս Նարեիդ հետ:

- Սպասի՛ր, գոնե կենտրոնանամ ..

Հասմիկը էլ չէր լսում, տարերքի մեջ էր։ Նարեն մոտեցավ մեզ, հարցական հայացքով նայեց աչքերիս մեջ։ Գիտե՞ք նրա աչքերը առաջվանը չէին, ինչ-որ բան փոխվել էր, առաջվա անմեղությունն ու քնքշանքը չկար, կար ինչ-որ գիշատչի հայացք, որից ակամայից աչքերս փախցրի։ Հասմիկը ոգևորված ասաց.

- Ծանոթացի՛ր, Նարե՛ ջան, Վահագն է՝ Արտակի ամենամոտ ընկերը:

Նարեին ասես օձը կծեց. այնպիսի հայացքով էր ինձ նայում, ասես հանգուցյալ էր տեսել, շշմել ու քարացել էր.

- Ուրախ եմ ..

Չհասցրի ոչինչ խոսել, նա ուղղակի փախավ ... Հասմիկը շոկի մեջ էր.

- Վահա՞գ, ինչո՞ւ այսպես տարօրինակ պահեց իրեն:

- Չգիտեմ, Հա՛ս ջան, բայց ոնց որ գլխի եմ ընկնում։

- Դե՛, տե՛ս՝ ինչ ես անում...

Ողջ երեկոյի ընթացքում հայացքով հետևում էի Նարեին, նա մեկ-մեկ նայում էր իմ կողմ, բայց ես վարպետորեն փախցնում էի հայացքս։ Մի պահ նկատեցի, որ Արտակն էլ է հետևում Նարեին։ Սկսեցի երկուսին էլ ուսումնասիրել։ Կարծես հայացքներով միմյանց ինչ-որ բան էին հասկացնում։ Այդ օրը բավական շոգ էր, գնացի, լվացվեցի, դուրս գալուց նկատեցի՝ Նարեն ինչ-որ տեղ է շտապում, բարձրացավ աստիճաններով ու առաջացավ ինչ-որ մութ միջանցքով։ Սկսեցի հետևել նրան։ Նկատեցի, որ քիչ հեռվում կանգնած է Արտակը: Ես թաքնվեցի սյան հետևում։ Արտակը գրկեց Նարեին ու սկսեցին համբուրվել։ Աչքերիս չէի հավատում, գլուխս պտտվեց, արյունս սկսեց եռալ, հազիվ էի ինձ զսպում, որ երկուսին էլ տեղում չսպանեմ, սակայն բանակությունս դեռ չէր անջատվել, չուզեցի փչացնել հարսանիքը։ Ախր նրանք համբուրվում էին Արտակի հարսանքի օրը՝ քիչ հեռու Հասմիկից։ Իմ Նարեն ու Հասմիկի Արտակը ...

- Արտա՛կ, էն Վահագն էլ է եկել, տեսե՞լ ես:

- Հա՛, Հասմիկը համոզեց նրան ու ինձ, որ գա, դրա հավեսը ոնց չունեմ, մի բան փչացնելու է, կտեսնե՛ս

- Լսի՛ր, ասում էիր՝ միշտ ի՞նձ է սիրել, նրա մասի՞ն է խոսքը:

- Հա՛:

- Բայց ես նրան աղոտ եմ հիշում:

- Կհիշես Արթիկում` մի 4-5 տարի առաջ( ծնողներիդ մահից առաջ էր), մի տղա սայթաքեց ու ընկավ քո ու Աննայի դիմաց: Այդ ժամանակ դեռ ինձ չէիր ճանաչում, հենց այդ օրն էլ ծանոթացանք, հենց Վահագն էլ առիթ դարձավ:

- Հա՛, ո՞նց չեմ հիշում, հետաքրքիր տղա էր, ամեն օր այգում գիրք էր կարդում, ես ու Աննան էլ հետևում էինք, գիտե՞ս՝ հավանում էի նրան, այս Վահա՞գն էր փաստորեն, ահա թե ինչ։ Այն ժամանակ այնքան բարի ու խորը աչքեր ուներ, հիշեցի .. Լսի՛, այսինքն՝ դու գիտեիր, որ քո ընկերը հավանում է ինձ ու փորձում էիր ինձ խոսեցնե՞լ:

- Դե՛, հա՛, ինքը մի օր քեզ մատնացույց արեց, ու ես էլ սիրահարվեցի քեզ, ինչպես բոլորը,- Արտակը համբուրեց Նարեին, Նարեն կատակով հրեց.

- Ստորի մեկն ես էլի. Արտա՛կ:

- Կա նման բան, շատ մոտ էինք մի ժամանակ, հետո սկսեց իրեն լավ չպահել:

- Ի՞նչ էր արել:

- Անընդհատ ինձ կռիվների մեջ էր ներքաշում, հետո ստում էր շատ, լավ չեմ էլ հիշում, բայց էլ չէի դիմանում, համ էլ երբեք չեմ մոռանա՝ ինչպես ինձ ապտակեց, ինձ ոչ ոք չի խփել ու մարսել:

- Լսի՛ր, Արտա՛կ, ոնց հասկացա, փաստորեն դա այն Վահագն է, չէ՞, որ էն տղային սպանել ու ոստիկանությունում մեղքը քեզ վրա էր բարդել…

- Հա՛, լավ էլ հիշում ես:

- Մարդասպան... փաստորեն ճիշտ էի գլխի ընկել, ընկերոջ հետ ինչպե՞ս կարելի էր այդպես վարվել, այսօր քիչ էր մնում՝ մի երկու բան ասեի, հազիվ ինձ զսպեցի:

- Դու էն ինտերնետ ակումբից էլ նրան կհիշես, որ դրամապանակդ մոռացել էիր:

- Հա՛, հիշեցի, ճիշտ է, ակումբում էր աշխատում, փաստորեն սիրում էր ինձ, դրա համար էր այդպես նայում, ես էլ վախեցել էի. մի տեսակ գժի տպավորություն թողեց այդ օրը:

- Դե գժոտա, զգո՛ւյշ եղի, միշտ ասել եմ, հեռո՛ւ մնա, դրա համար էի ասում՝ չգնաս այդ ակումբը, հիշո՞ւմ ես, շատ վտանգավոր մարդ է, Հասմիկի հետ էլ շատ մոտ են, զգո՛ւյշ եղիր.

- Լա՛վ, լսի, Ա՛րտ, Հասմիկի ժառանգության հարցը ե՞րբ կպարզվի:

- Չգիտեմ կոնկրետ, աներոջս հաշված օրեր են մնացել, սիրտը լավ չի, ու չեն էլ կարող վիրահատել, ժառանգության բոլոր թղթերը պատրաստ են իմ անունով:

- Ա՛րտս, սիրում եմ քեզ, չեմ կարող քեզ տեսնել նրա կողքին, ուզում եմ մազերը պոկել, շուտ հարցերը լուծի՛ր, փախչենք այստեղից:

- Մաքսիմում մի ամիս, այսքան համբերել ենք, մի՛ վռազի, պետք է զգույշ լինել:

- Ա՛րտ, ախր ինձ ու քեզ փող պետք չէր, մենք այնպե՜ս էինք սիրում իրար ... չնայած միշտ խուսափում էիր հետս դուրս գալուց, հիշո՞ւմ ես ... Ախր ինչո՞ւ էիր երկու խաղ խաղում, քիչ էր մնում՝ բաժանվեինք…

- Պետք էր, կյա՛նքս, փողը ,գիտե՞ս, ի՛նչ բան է. առանց փողի մենք ոչինչ ենք, իսկ Հասմիկը փողի աղբյուր է, ես դա շատ շուտ էի հաշվարկել, հա՛, սկզբից սիրել եմ նրան, բայց դա մինչև քեզ տեսնելն էր։ Հետո չէի ուզում՝ քեզ ոչ ոք տեսնի, որ ձեռքիցս չտանեին:

- Փաստորեն վստահ չէիր էլի, որ գժի պես սիրում էի քեզ, Արտա՛կ, լսի՛ր, մի կարևոր բան եմ ուզում ասել:

- Ասա՛

- Մի քանի օրից, լա՞վ, դեռ կասկածում եմ ...

Գլուխս պտտվում էր, սիրտս խառնում, էլ չէի ուզում լսել այդ գարշելի խոսակցությունը, ու ոտքերս թուլացել էին, նստել էի սյան հետևում, ինձ թվում էր՝ ուր որ է կխելագարվեմ, փաստորեն Նարեն, իմ Նարեն միշտ Արտակինն է եղել ու իմ քթի տակ։ Արտակը միշտ տեսել է, թե ինչպես եմ տանջվում, ու ոչինչ չի ասել, գոնե ասեր, որ չփնտրեմ։ Հասմի՛կ... խե՜ղճ Հասմիկ... Փաստորեն ես ու Հասմիկը այս պատմության զոհերն էինք:

Արագորեն իջա աստիճաններից, Նարեն կարծես ինձ նկատեց.

- Արտակ մեզ հետևում էին,- նշմարեցի նրա ձայնը:

Թաքնվեցի պատի հետևում, Արտակը վազեց մյուս կողմը, բռնվել չէր կարելի, նման իրավիճակում Արտակը ամեն ինչի ունակ էր, նամանավանդ, որ արանքում գումար կար։

Դուրս եկա սրահից` մտածելով ուղղակի հեռանալ այս քաոսից, բայց մի միտք էր տանջում՝ ասե՞լ, թե՞ չասել Հասմիկին, ախր այնքան երջանիկ էր, այնքան շատ էր սիրում նա Արտակին .. Ասեմ, բա հետո՞ ...

Նման հիասթափություն ես չէի ցանկանա, որ ինչ-որ մեկը զգար իր կյանքում. խնայեցի Հասմիկին։ Ասում են՝ սիրուց ատելություն մի քայլ է. սա այդ դեպքն էր։ Ես ատում էի քեզ, Նարե՛, ավելի շատ քան Արտակին, Արտակը տականք էր, բայց դու իմ մտացածին հրեշտակն էիր, որին դիպչելը ինձ համար արդեն իսկ հանցագործություն էր։ Ո՞վ ես դու հիմա, նյութապաշտ ու զզվելի, ավելի վատը, քան Արտակը։

Այն միտքը, որ գլխումս ծագեց, իմ կարծիքով՝ ամենաճիշտ որոշումն էր այդ պահին, դրանից ավել մնում էր երկուսին էլ սատկեցնել։

Մտնելով սրահ` մոտեցա Հասմիկի հայրիկին ու խնդրեցի առանձին զրուցել ռեստորանի մուտքի մոտ։ Նարեն ու Արտակը նկատեցին, Արտակը շտապեց աներոջ կողմը, բայց Հասմիկի հայրը արդեն դուրս էր եկել, իսկ Արտակը ուրիշ ուղղությամբ գնաց։

Մոտեցա նրան, խոսակցությունը շատ կարճ տևեց, ասացի, որ տեղյակ եմ նրա հիվանդության մասին ու խնդրեցի.

- Հասմիկը ինձ քրոջ պես է, մի բան եմ ուզում ասել, ոչ մի դեպքում ժառանգության թղթերը չթողնեք Արտակի հույսին և անձամբ հետևեք, որ ամեն ինչ անցնի Հասմիկին։ Նա խելացի աղջիկ է. ճիշտ կտնօրինի։

Ասացի ու առողջություն մաղթելով՝ դուրս եկա. նա ամեն ինչ երևի հասկացավ ու հետևիցս խեղճացած ձայնով բղավեց.

- Շնորհակալ եմ, տղե՜ս ...

Դուրս գալով՝ գրպանիցս հանեցի Նարեի նկարը, մի քանի կես արեցի ու ուսիս վերևով հետ շպրտեցի։ Մի հաստ սև գիծ քաշեցի Արտակի, Նարեի ու մի նուրբ գիծ՝ Հասմիկի վրա։ Նրանք այլևս չկան, ինձ պետք էր նոր կյանք սկսել առանց Նարեի ու Արտակի ... Անձրև էր գալիս, կայծակ էր, քամի ու ամպրոպ՝ օգոստոսյան տապից հետո։ Հեռվից ականջիս հասավ Հասմիկի ձայնը.

- Վահա՜ա՜գ:

Ես նույնիսկ չշրջվեցի. «Հերիք է, իրոք հոգնել եմ....»:

Ինձ այնպես թեթևացած էի զգում, ասես ինչ-որ ծանր բեռից էի ազատվել... Նարեն էլ չկար, ու ոչ ոք չկար ինձ համար …

Նարեն. 10-րդ մաս

Մենք Արտակի մեքենայի մեջ էինք. դիմացը նստած էր Արտակի վարորդը և էլի մեկը՝ ուղևորի նստարանին։ Մեքենաս մնացել էր ակումբի բակում.

- Արտա՛կ, չասացիր, ու՞ր ենք գնում:

- Քիչ հետո կտեսնես, անակնկալ ունեմ քեզ:

Երկուսս էլ ահավոր խմած էինք:

Հասանք ինչ-որ մեծ տան մոտ, դուրս եկանք մեքենայից, մտանք դարպասներից ներս, Արտակը վարորդին ասաց.

- Դուրսը կնայեք, տե՛ս հա, մի հատ շարժ, ձեն կտաս:

Արտակը զանգը տվեց, բայց ոչ ոք չբացեց դուռը, մոտեցավ ու սկսեց փորփրել մեքենայի պահոցը, հանեց մի բանալի, դրանով փորձեց էդ դուռը բացել, բայց այնքան խմած էր, որ չկարողացավ։

- Տո՛ւր ինձ,- ես բացեցի, մտանք ներս:

- Քո տո՞ւնն է, Արտա՛կ:

- Չէ՛, վարձակալած է:

Այնքան ժամանակ բան չէի հասկանում, մինչև Արտակը չհանեց բջջային հեռախոսը ու չզանգեց: Էկրանին գրվեց՝ Նարե: Սիրտս բաբախեց պատանու սրտի պես ... Արտակը խոսեց.

- Ու՞ր էս

- ...

- Դե շո՛ւտ արա, արի՛, տանն ենք:

- ...

- Կգա՛ս, կտեսնես:

Հասկացա, որ եկել ենք Նարեենց տուն, հիշեցի այն պարուհուն, մի՞թե դա հենց իմ Նարեն էր, փաստորեն չորրորդ անգամ նա ինձ կախարդեց ու ինչպե՞ս չճանաչեցի ...

- Արտա՛կ, կպատմե՞ս, ինչպիսի՞ն էր Նարեն:

- Վահա՛գ, չես հավատա, բայց կուզեի ետ բերել այն օրը, երբ առաջին անգամ տեսար Նարեին, ու կուզենայի նրան հանձնել քեզ,- լացակումաց ձայնով ասաց Արտակը,- նա ուրիշ աշխարհ էր, ես էի մեղավոր ամեն ինչում։ Տասնվեց տարեկան չկար, երբ ծանոթացանք ու սկսեցինք ընկերություն անել։ Լի էր երջանկությամբ, ձգտումներով ... Հենց քեզանից էլ սկսեցինք խոսել առաջին անգամ, երբ դու ոտքդ վնասեցիր, կհիշես երևի. ի դեպ, նա քեզ շատ էր հավանում, փաստորեն ամեն օր Աննայի հետ այդ այգին քեզ համար էին գալիս ու հետևում քեզ գիրք կարդալիս։ Այդ օրը քեզ տուն հասցնելուց հետո ծանոթացա նրա հետ, երդվում եմ Վահագնիս արևով, ուզում էի քեզ անակնկալ անել ու գալ քեզ այցի նրա հետ, ծանոթացնել ու երջանկություն մաղթել, բայց, ցավոք, նրա ծնողների պատմությունը գիտես։ Հետո զգացի, որ սիրահարվել եմ, ու գնացի Երևան։ Ծնողների մահից հետո մոտ մեկ ամիս նրա կողքին էի, ինքն էլ ինձ սիրեց, մոտ չորս տարի ընկերություն արինք:

- Բա Հասմի՞կը

- Դե Հասմիկը միշտ էլ կար, Հասմիկի հետ հետաքրքիր չէր, նա սովորում էր ամբողջ օրը, երեք համալսարան ավարտեց ու հիմա Եվրոպայի լավագույն ֆինանսիստներից է, բայց չէ, Նարեն լրիվ ուրիշ էր ..

- Լսի՛ր, բայց ինչպե՞ս էիր հարմարեցնում, որ չիմանայինք ես ու Հասմիկը, ախր ամբողջ օրը մեզ հետ էիր:

- Գիշերները, հանդիպում էինք հիմնականում գիշերը կամ նրանց տանը, երբ մարդ չկար։

- Լավ, հետո՞:

- Հետո ես փոխվեցի. փոխվեցի հենց այդ օրից, երբ դու ոտքդ վնասեցիր, երևի դա անեծք էր, որ խլեցի նրան քեզանից։ Սկսեցի ստել, գոռոզացա, ատում էի քեզ, քանի որ ամեն ինչում արդեն ինձ գերազանցում էիր: Նարեին միշտ թաքցրել եմ քեզանից` հասկանալով, որ կխլես ինձանից։ Ինձ դուր էր գալիս մարդկանց ցավ պատճառելը։ Նարեն էլ բացառություն չէր, գժի պես սիրում էր ինձ, իսկ ես անընդհատ նրան ցավեցնում էի, ստում, օրերով կորչում։

Հետո աստիճանաբար ինձ հետ նա սովորեց ստել, ես նրան ծանոթացրի վատ մարդկանց հետ, ընկավ վատ շրջապատ. ալկոհոլ, թմրանյութեր, գիշերային կյանք։ Ծնողներ չուներ գլխին, ծեր տատիկ-պապիկ, որոնք հազիվ էին ծայրը ծայրին հասցնում ու ինձ լիովին վստահում էին։ Ուզում էր դերասանուհի դառնալ, դա էլ գիտես՝ ինչ ճանապարհ է, խոստացել էի օգնել։ Բայց գումար էր պետք, որը դեռ չունեի։ Հետո իմ միջոցով հասկացավ՝ ի՛նչ է փողը, ու ի՛նչ ստորությունների կարելի է գնալ հանուն գումարի...

Նա Հասմիկի մասին իմացավ հարսանիքից 3 ամիս առաջ, մեծ սկանդալ եղավ, բաժանվեցինք։ Հետո նրան համոզեցի, որ Հասմիկի ժառանգության մի մասը տալու եմ իրեն, որ գնա սովորելու Հոլիվուդում, նա, որքան էլ զարմանալի էր, համաձայնեց ու հավատաց, որ իր համար էի Հասմիկի հետ ամուսնանում։ Այդժամ հասկացա, որ վերջնականապես փչացրել եմ նրան ամեն առումով, նրա համար փողը դարձել էր ամեն ինչ, ինչպես և իմ։

Հետո վերջին պահին Հասմիկի հայրը փոշմանեց ու ամեն ինչ կտակեց Հասմիկին։ Ես էլ մնացի առանց գրոշի, Հասմիկն էր տնօրինում ողջ ունեցվածքը, Նարեն ուղղակի հեռացավ ինձանից, իսկ ես մնացի Հասմիկի հետ, այսօր ես հասկացա, որ դու էիր դրա մեղավորը, ինչի համար քեզ երախտապարտ եմ, հավատա, գոնե ընտանիք ունեցա, հիանալի երեխաներ, սակայն շարունակեցի իմ մութ գործերը ու շատ վատ բաներ արեցի կյանքում: Մինչև հիմա դրա հետևանքները մաշկիս վրա զգում եմ:

- Լա՛վ է՝ գոնե հասկացել ես. Արտա՛կ, իսկ Հասմիկը չիմացա՞վ Նարեի մասին:

- Երևի գիտեր, բայց բան չէր ասում, չգիտեմ, երբեք չի խոսել, ես էլ խուսափել եմ, մենք գրեթե չենք շփվում, ամուսիններ ենք, բայց ուղղակի թղթով:

- Բա Նարեից նորություն չունե՞ս,- այնպես ասացի, ասես չէի նկատել, որ Նարեին էր զանգել քիչ առաջ:

- Ունեմ, մի աղջիկ ունի՝ տասնչորս տարեկան, Նարեն մեկ տարի է՝ մեզ մոտ է աշխատում, ես հիմա Նարեի հետ եմ ապրում այս տանը, այսօր, տեսա, որ հիացած էիր նրանով, դիմակով էր, երևի չճանաչեցիր ... Էլի սիրո՞ւմ ես նրան, Վահա՛գ...

Փաստորեն դա Նարեն էր, ինչպե՞ս չճանաչեցի նրան ... Ամեն անգամվա պես ..

- Արտա՛կ, սիրում եմ, բայց ոչ նրան, ինձ համար Նարեն այն ուրախ աղջնակն է, որին ես սիրահարվեցի, որը ինձ ասաց. «ամեն ինչ կարգի՞ն է, շա՞տ է  ցավում»: Քո՞նն է աղջիկը, Արտա՛կ:

- Չէ՛, դժվար, Վահա՛գ, չեմ մտածել, չգիտեմ:

- Չե՞ս էլ հարցրել, իսկ որտե՞ղ է ապրում աղջիկը:

- Չէ՛, ինձանից հետո հանդիպեց մի արտասահմանցու ու ամուսնացավ, աղջիկը մեկ-մեկ մեր տանն է մնում, մեկ-մեկ՝ հոր:

- Հետո ասում ես՝ փոխվել ես, Արտա՛կ, եթե տարրական հաշվարկ անես, այդ աղջիկը պետք է քոնը լինի:

- Չեմ ֆիքսվել, Վահա՛գ, ինձ հարազատներ պետք չեն, ես բոլորի կյանքը փչացնում եմ, ընկե՛րս:

- Ինչու՞ չես բաժանվում Հասմիկից, Նարեին դեռ սիրու՞մ ես:

- Հիմա ես կյանքն եմ սիրում, իսկ Նարեն նրա մի մեծ մասնիկն է, մեծ չեմ, երեսունհինգ տարեկան, բայց ինձ երկար չի մնացել, Վահա՛գ, վեցից յոթ ամսվա կյանք են տվել, չեմ ուզում էրեխեքս իմ ճամփով գնան, թող իմանան, որ ես ու Հասմիկը միասին ենք, հիմա դեղերով մի կերպ ձգում եմ, չգիտեմ՝ վերջս ե՛րբ կգա ..

- Իսկ ինչո՞ւ ընտանիքիդ, երեխաներիդ կողքին չես հիմա:

- Ես դրանց ցավը տանեմ ...Վահա՛գ, շատ վտանգավոր կյանք եմ ապրել, դու այն ժամանակ զգուշացնում էիր, բայց հանցավոր աշխարհի մեջ եմ թաղվել ու շատ անգամ են ինձ փորձել սպանել, աշխատում եմ նրանց հեռու պահել այս ամենից: Հիմա խնդիրների մեջ եմ, դրա համար եմ այստեղ։

- Դրա համա՞ր Հայաստանում չեք բնակվում:

- Դե՛, աներոջս բիզնեսները Հասմիկն է տնօրինում, այնտեղ են գործարանները, միայն կլուբն է այստեղ, դա էլ է Հասմիկի անունով:

- Հասկանալի է, Արտա՛կ, ինչպես հասկացար, ես տեսել էի քեզ ու Նարեին հարսանքի օրը, ինչո՞ւ էիր Նարեին ասել, որ ես մարդասպան եմ,

- Երբ իմացա՝ ակումբ է եկել, շատ խանդեցի ու որոշեցի, ինչ գնով էլ լինի, քեզանից հեռու պահել։ Բայց նա հետո իմացավ ամեն ինչ, ես նրան պատմեցի, որ դու լրիվ ուրիշ մարդ ես եղել։ Իսկ դո՞ւ,  Վահա՛գ, եթե տեսել էիր մեզ հարսանիքի օրը, ինչո՞ւ  տեղում չբացահայտեցիր մեզ, իմաստը ո՞րն էր:

- Չգիտեմ, ես այդ օրը այնքան վատ վիճակում էի, երևի չուզեցի՝ Հասմիկն էլ ինձ պես տառապի։ Նարեին էլ իրականում շատ էի սիրում, մտածեցի ամենաճիշտ քայլը Հասմիկի հորն ասելն է։ Հետո արդեն միևնույնն էր, թե ինչ կլինի, կարևորը դուք զրկվեցիք ժառանգությունից։ Փողը էլ դեր չէր խաղալու ձեր կյանքում։

- Վահա՛գ, շնորհակալ եմ ամեն ինչի համար, ինչ ինձ տվել ես, նույնիսկ նրա համար, որ ուզում էիր ինձ նստեցնել:

- Փաստորեն դա էլ գիտես, կարիքը չկա շնորհակալության, Արտա՛կ, ինձ ուրիշ բան էր պետք, որը դու այդպես էլ չկարողացար տալ, իսկ այդ պատմությունը ուներ իր պատճառները: Լավ, ես դուրս գամ, տաքսի եմ կանչում ...

- Սպասի՛ր, ուզում եմ Նարեի ներկայությամբ երկու բառ խոսենք, նոր գնաս, հա՞, մի՛ մերժիր, սիրտս կթեթևանա:

Անկեղծ ասած՝ ուզում էի փախչել հենց Նարեից: Նա իմ թմրանյութն էր, չէի ուզում նորից արթնացնել քնած հույզերս:

Արտակի հեռախոսը զանգեց..

- Նարեն է, Վահա՛գ,- ասաց Արտակը ու միացրեց բարձրախոսը.

- Արտա՛կ, դուրս կգա՞ս,- ասաց Նարեն:

Ես վատ բան կանխազգացի.Նարեի ձայնի մեջ ինչ-որ տագնապի երանգ կար, շատ արագ անջատեց հեռախոսը...

Արտակն ինձ ասաց.

- Սպասի՛ր, հիմա կգանք, տեսնեմ Նարեն ի՞նչ է ուզում:

- Արտա՛կ, տարօրինակ չէ՞, որ Նարեն դուրս է կանչում, ձայնը մի տեսակ էր:

- Ի՞նչ նկատի ունես:

- Զենք ունե՞ք տանը:

- Վահա՜ա՜գ, նույն վախկոտն ես մնացել,- ծիծաղեց նա,- տղերքը դուրսն են:

- Զանգի՛ր տղերքին, ոչի՛նչ, թո՛ղ վախենամ:

Արտակը զանգեց վարորդին ու թիկնապահին, երկուսի հեռախոսն էլ անջատած էր.

- Ի՞նչ զենք ունեք տանը:

- Բացի բեյսբոլի մահակից՝ ոչինչ, զենքը մեքենայի մեջ է, մեքենան էլ՝ դրսում:

- Բե՛ր, Արտա՛կ, էդ մահակները, ինչ-որ բան այն չէ:

Արտակը բերեց, միասին դուրս եկանք տանից, բակում ոչ ոք չկար, Արտակը շատ հանգիստ էր.

- Վահա՛գ, ընկե՛րս, ջահելությո՞ւնդ ես հիշել,- ծիծաղեց նա ու ձեռքը գցեց ուսիս,- ամեն ինչ կտայի, որ վերադարձնեի մեր մանկությունը:

- Արտա՛կ, դու ասացիր, որ խնդիրներ ունես ... Հաստատ մի բան այն չէ. ..սպասի՛ր.

Հասանք դրսի դարպասի մոտ. զգում էի, որ դարպասի հետևում ինչ-որ շարժ կա:

- Արտա՛կ, չբացես դուռը, սպասի՛ր:

Չհասցրի ավարտել խոսքս.Արտակը արագ դուռը բացեց, ու խոսքերը մնացին բերանին.

- Նարեեե՜ե՜……..

Երկու կրակոց լսվեց, նա փռվեց գետնին, ես չկարողացա ընկալել, թե ինչ է կատարվում: Միայն հասցրի տեսնել, որ Նարեին 2 դիմակավոր տղամարդ էին բռնել, փորձեցի արագ Արտակին բարձրացնել, զգացի, որ թիկունքիցս մարդ է մոտենում, ձեռքս գցեցի մահակին, ուզում էի պտտվել. գլխիս ինչ-որ մեկը հարվածեց, ու ես էլ փռվեցի Արտակի կողքին ...Լացի ձայնից ուշքի եկա, զգացի, որ պառկած եմ տաք արյան մեջ ... Աչքերս մի կերպ բացեցի ու տեսա Նարեին. Արտակի գլուխը ծնկներին՝ լալիս էր ... Փորձեցի շարժվել, բայց ուժերս չհերիքեցին ... Ոչ ոք չկար շուրջբոլորը. միայն հեռվից նշմարվում էին շտապ օգնության կամ ոստիկանության լույսերը. Մի կերպ բերանիցս դուրս եկավ.

- Նարե՛, Արտակը…...

Նարեն նայեց ինձ ու ճանաչեց.

- Վահա՛գ, Արտակը չկա ...

Նունիսկ ուժ չունեի հուզվելու, աչքերիս դիմացով անցավ ողջ մանկությունս, Արտակի ու իմ խաղերը, չարաճճիությունները, ինչպես էինք ամեն օր լույսը բացվելուն պես գնում միմյանց տուն ու վերադառնում միայն երեկոյան, հիշեցի մինչ այն պահը, երբ ես տեսել էի Նարեին, դրանից հետո Արտակը էլ չկար … Աչքերս փակվեցին ...

Մի պահ զգացի, որ ինձ ինչ-որ բան ներարկեցին, դրեցին պատգարակի վրա ու տեղափոխեցին, դիմացս Նարեն էր կանգնած ու թախծոտ հայացքով նայում էր ինձ, էլ բան չեմ հիշում .. Նա այնքան տարբեր էր այն Նարեից, իմ Նարեից ..

Սրանից ավել չկարողացա հիշել, մի կերպ ուժերս հավաքեցի ու վեր կացա տեղիցս, քայլեցի դեպի լուսամուտները.դրսում ահավոր մութ էր, խարխափելով փնտրում էի դուռը. չկարողացա գտնել, շատ թույլ էի, նստեցի անկողնու վրա ու բղավեցի.

- Նարեե՜ …

Լսվեցին ոտնաձայներ ... Դուռը բացվեց, լույսը վառվեց, դռան շրջանակի մեջ կանգնած էր նա, ու լույսն ընկել էր ուղիղ նրա ոսկեգույն մազերին …

- Արթնացե՞լ եք, շա՞տ է  ցավում ...

- Հը՞…

Մի՞թե ես դրախտու՞մ եմ, իմ դիմաց կանգնած էր Նարեն, բայց այն Նարեն, որին ես տեսել էի պատանեկության տարիներին, ասես հրեշտակ էր իջել երկնքից, չէ՜է՜, հաստատ մահացել եմ, մի՞թե այսպիսին է դրախտը:

- Նարե՞ ..,- կմկմացի ես՝ աչքերս տրորելով:

- Ես Լուսին եմ՝ Նարեի աղջիկը,- ժպտալով պատասխանեց այդ հրեշտակը ....

28.06.2019թ.

Վերջ

 

12 / 08 / 2020 13:02